«Խոշոր բիզնեսը մտավ՝ անտառում ոչինչ չի թողնի» (տեսանյութ)
Եթե Ազգային ժողովը հաստատի Անտառային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները, առաջիկայում անտառներում հսկա շինություններ կհայտնվեն։ «Մենք անդառնալի պրոցեսներ կունենանք անտառներում. կկորցնենք անտառների ամբողջականությունը, անտառային տարածքներ։ Առանց այդ էլ անտառը հոգևարքի մեջ է, և մենք փոխանակ օգնենք, որ վերակենդանանա, օրենսդրական փոփոխություն ենք մտցնում»,-ասում է «Հայ անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը: Այն, որ բիզնեսին հնարավորություն է տրվելու անտառի հաշվին զարգանալու, տիկին Վարդանյանն աբսուրդ է համարում. «Այստեղ փոքր բիզնեսի զարգացման մասին խոսք գնալ չի կարող։ Նույնիսկ եթե լինի, փոքր բիզնեսն էլ իրավունք չունի մտնի անտառ։ Կրկնակի օգուտ են ստանալու իրենք՝ քառապատիկ վնաս պատճառելով անտառին»։ «Մտադրությունը Հայաստանի անտառները ջնջել ու հարուստներին տալ, մենք չունենք»,-նշեց «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Եղիազարյանը։ Նա չի ընդունում, որ լայնածավալ ծառահատում կիրականացվի։ Բնապահպան Ինգա Զարաֆյանին վստահություն չեն ներշնչում այս հիմնավորումները։ Օրինագծի համաձայն՝ հանվելու է նաև անտառային տոմս հասկացությունը. «Մեզ մոտ մարդիկ, ովքեր օրվա հաց էին վաստակում՝ գնալով անտառ, էլ չեն լինի անտառում։ Խոշոր բիզնեսը մտավ, անտառում ոչ մեկի չի թողնի»։ Մանրամասները՝ տեսանյութում