Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել ամեն ինչ. ԵԽ պատգամավոր

Քաղաքականություն
shab

Ես չեմ կարողանում հասկանալ Մադրիդյան սկզբունքներով շարժվող Մինսկի խմբին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը: Նա նոր էր վերադարձել Արցախից՝ Ստեփանակերտից և նշեց, որ այնտեղ հաստատվեցին իր բոլոր տպավորություններն ու համոզմունքները. «Ես համոզված եմ, որ բոլորդ գիտեք իմ հայտարարությունները, որոնք կատարել եմ Եվրախորհրդարանում և մեկ անգամ ևս առիթը բաց չեմ թողնի դրանք կրկնելու: Միջազգային հանրությունը պետք է, պարտավոր է դատապարտել Ադրբեջանի գործողությունները, նա ցանկանում է ոչնչացնել ամեն ինչ: Այլևս ոչ ոք Ադրբեջանի ագրեսիայի մասին կասկած չպետք է ունենա, ապացույցն են կտրված գլուխները, որոնք պտտեցնում էին իրենց ժողովրդի մեջ և խաղաղ բնակիչների կտրված ականջները»: Նա նաև նշեց, որ այս պարագայում ԼՂՀ-ի հարցն ավելի է բարդանում կապված Թուրքիայի ներգրավվածության և ՌԴ-ի երկակիության հետ. «Ես կարծում եմ, որ եթե մի կողմը ընկերական հարաբերություններ ունի մի պետության հետ, ապա հակառակ կողմին չպետք է զենք վաճառի: Ե՛վ Ղարաբաղում և Հայաստանում ինձ կրկնում են, որ ՌԴ մեր բարեկամն է ու մեր կողքին է, բայց խաղաղ բնակիչներն ու զինվորները մահանում են հենց այդ կողմի զենքերից»: Նա նաև հավելեց, որ, երկակիության պատճառ կարող է լինել նաև այն, որ ՌԴ-ն ամեն ինչ անում է, որ Մաքսային միության մեջ շատ երկրներ ներգրավի և Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություններ չվատթարացնելու համար է դիմում այդ քայլին: Նա անդրադառնալով Եվրոպայի կողմից տարվող քաղաքականությանը՝ նշեց, որ ցավով պետք արձանագրի, որ Եվրոպան ևս երկակի դեր է կատարում: Խնդրի միակ լուծումն, ըստ Էնգելի, միջազգային հանրության կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումն է. «Մենք իմ գործընկերների հետ Ազգային խորհրդարանում, Եվրախորհրդարանում և այլուր պետք է ամեն ջանք գործադրենք ճանաչման համար, հակառակ դեպքում ողջ ժողովուրդ կկանգնի վտանգի առաջ, որը քաղաքակիրթ աշխարհը չպետք է ունենա ո՛չ 2016 թվականին, ո՛չ էլ ավելի ուշ»: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտն, ըստ նրա, այլևս չի կարող համարվել սառեցված. «Սառեցված խնդիր մասին չէ խոսքը և այն բոլոր լուծումները, որոնք կարող էին բերել խաղաղ կարգավորման, այլևս չկան, քանի որ կոնֆլիկտը չի կարող լինել սառեցված, եթե կան հարյուրից ավելի զոհեր՝ կարևոր չէ, թե որ կողմում»: Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչմանը՝ նա նշեց, որ իրենից կախված ամեն բան կանի ճանաչման հասնելու համար, հակառակ դեպքում Ցեղասպանությունը կարող է կրկնվել: