Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԵՑՑԵ ՄԱՅԻՍԻ 1-Ը. ԱՅՆ ՆՇՈՒՄ ԵՆ ՀԻՄԱ ՄԻԱՅՆ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ

Քաղաքականություն

Մայիսի 1-ն այսօր նշում էր Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, թեեւ այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ հիշարժան օրերի տոնացույցում նշված է կարմիրով ու համարվում է ոչ աշխատանքային: Կուսակցության անդամներն աշխատանքի, սոցիալական արդարության լոզունգներով, փողային նվագախմբով, Արամ Խաչատրյանի արձանի մոտից մինչեւ Հանրապետության հրապարակ երթի էին դուրս էին եկել: Վերջում էլ ծաղիկներ դրեցին Միասնիկյանի արձանին: Երթին մասնակցում էին տարբեր մարզերից ժամանած կոմունիստներ: Նրանց շարքերում էին նաեւ երիտասարդ եւ անչափահաս անդամներ, որոնց, սակայն, այնքան էլ չէր գրավել երթը, քանի որ բոլորը քայլում էին տխուր դեմքերով. «Առաջին անգամն ենք մասնակցում նման երթի ու եկել ենք միայն ներկա լինելու համար, քանի որ կուսակցության գաղափարախոսությանն էլ այնքան ծանոթ չենք», -ասացին յումրիից ժամանած ուսանողները: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը նշեց, որ Երեւանի քաղաքապետարանից նրանց զգուշացրել էին, որ քայլեն միայն մայթերով: «Իսկ այս տոնը կարող էր առիթ հանդիսանալ իշխանությունների համար, որ համախմբվեին ու վերականգնեին իրենց հեղինակությունը: Սակայն նրանց համար դա վայել չէր, քանի որ նրանք այն մտասեւեռումն ունեն, որ մայիսի մեկը դա կոմկուսի տոնն է եւ, եթե իրենք մասնակցեն, դա կդիտվի իբրեւ կոմկուսի հզորության վկայություն»,- նշեց Ռուբեն Թովմասյանը: Ըստ նրա, իշխանությունները մայիսի մեկն ընդունել են, որ աշխարհին ձեւական ցույց տան, որ իրենք ժողովրդավար են, թեեւ իրենց քաղաքացիների նկատմամբ նույնիսկ չեն փորձել հարգանք ցուցաբերել ու քաղաքն ըստ պատշաճի ձեւավորել՝ դրոշներ փակցնել եւ բարելավել աշխատանքային պայմաններն ու նոր աշխատատեղեր բացել: Երթի գրեթե բոլոր մասնակիցները հիշում էին խորհրդային անցյալի լավագույն օրերը եւ «վայ տալիս» ներկա իշխանություններին, որոնք իրենց նվազագույն հոգսերն անգամ չեն բավարարում: Արաբկիր համայնքի վետերանների խորհրդի նախագահ Ժորա Հարությունյանն ասում է, որ այսօր չի գնահատվում ոչ միայն աշխատանքը, այլեւ իշխանությունները այնպիսի պայմաններ են ստեղծում, որ որակյալ մասնագետները լքեն երկրին ու ծաղկացնեն օտարի երկիրը: «Որդիս հաշվիչ մեքենաների մասնագետ է: Նրան այստեղ տեղ չէին տալիս, զրկել էին աշխատանքային ու կենսական բոլոր տեսակի պայմաններից: Նա այժմ գտնվում է Իսրայելում, որտեղ հրեաներն այլեւս թույլ չեն տալիս վերադառնալ Հայաստան, քանի որ նրա գիտական ներուժն կարողանում են օգտագործել ըստ արժանվույն ու իրենց շահավետ տեսանկյունից»,- ասում է Ժորա Հարությունյանը: