Շահեն Հարությունյանը կպայքարի այլ խմբի հետ. ակցիան ավարտվեց (տեսանյութ)
21.00 ՌԴ դեսպանատան դիմաց մի պահ հրմշտոց սկսվեց: Սակայն այն արագ հանդարտվեց: Այնուհետեւ ակցիայի մասնակից Դավիթ Սանասարյանին թույլ տվեցին մոտենալ դեսպանատան դարպասներին եւ հանձնել արկղը: Ակցիայի ավարտից առաջ Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ մյուս անգամ, գալու է պայքարելու այլ խմբի հետ. «Ես չեմ ուզում գամ եւ ինձ չթողեն պայքարել: Հենա մեր պադիեզդի մոտ ակցիա կանեի: Բայց ոչ մի կոչ չեմ անում: Դուք որոշեք ինչ անել»: Ակցիայի մյուս կազմակերպիչների հորդորով՝ ակցիան ավարտվեց 20.28 ՌԴ դեսպանատան դիմացի մայթին ոստիկանները պատ են կազմել եւ չեն թողնում ցուցարարններին մոտենալ դարպասներին: Ակցիայի մասնակիցները նվերներ էին պատրաստել ՌԴ դեսպանատան համար: Նրանք բերել էին մի արկղ, որի մեջ կեղտող կոշիկ էր դրված. «Էս են ռուսի սապոգնա, թող տանեն»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները: Նրանք նաեւ մի շիշ ցույց տվեցին ու ասացին, որ դրա մեջ կարող է դիզվառելիք լինել. «Այ սրանով մենք կհյուրասիրենք ոչ միայն այս շենքին, այլեւ Բաղրամյան 26-ին»: Ակցիայի մասնակիցները փորձեցին արկղը դնել ՌԴ դեսպանատան մոտ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին անցնել ոստիկանական պատը: 20.00 ԱԳՆ-ի դիմաց ակցիայի մասնակիցները եւս մեկ անգամ հիշեցրին՝ ոչ մի թիզ հող հանձելուն համաձայն չեն: Նրանք դեմ են խաղաղապահ զորքերի տեղակայմանը ԼՂՀ-ում. « Մեր միակ խաղաղապահը մեր զինվորն է»,- վանկարկում էին նրանք: Ակցիայի մասնակիցները այս պահին շարժվում են դեպի ՌԴ դեպանատուն: 19.50 «Որոշողը մենք ենք» , «Ղարաբաղը մենք ենք» «Ոչ մի թիզ հող թշնամուն» վանկարկումներով՝ ակցիայի մասնակիցները հասան ԱԳՆ շենքի մոտ, որտեղ արդեն պատ էին կազմել 5 տասնյակից ավել ոստիկան: Քաղաքացիական հագուստով մի տղամարդ ԱԳՆ-ի դիմաց սկսեց գոռալ՝ դիմելով ակցիայի մասնակիցներին. «Ամոթ ձեզ, ի՞նչ եք անում, գոռալով ինչի՞ եք հասնելու: 3 միլիոն հայ ունենք Ռուսաստանում, վերցնում եք թշնամի՞ սարքեք իրանց, ի՞նչ եք անում, голову включите, չի կարելի գնալ իրանց մոտ»: Ակցիայի մասնակիցներին զայրացրեց այս ելույթը. «Դու չես որոշողը այ տղա»: Քաղաքացիական հագուստով տղային արագ հեռացրեցին ոստիկանները: 18.30 Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց բողոքի երթ՝ ընդդեմ Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի: Մինչ երթի սկսելը ակցիայի մասնակից, «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարեց. «Մենք գիտենք ինչ են քննարկելու այստեղ, դրա համար զգուշացնում ենք՝ ոչ մի թիզ չենք զիջելու, սա պոպուլիսատական հայտարարություն չի, սա հարգանք է մեր տղաների հանդեպ: Մեր տղաների արյան գնով ոչ ոք չի կարողանալու առեւտուր անել»: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը զոհված զինծառայողների նկարները բաժանեց ակցիայի մասնակիցներին: Հավաքվածները նաեւ պահանջեցին Լեւոն Հայրապետյանի ազատությունը: Ակցիայի մասնակիցների հետեւից գնում են տասնյակ ոստիկաններ։