«Երեւանի ուղղությամբ տոմսերի վաճառքը նվազել է». սոցիոլոգ (տեսանյութ)
Ապրիլյան չորսօրյա պատերազմն արդեն իսկ ազդել է Հայաստանի զբոսաշրջության վրա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Ապրիլ ամսին Երեւանի ուղղությամբ տոմսերի վաճառքի քանակը իջել է 23 տոկոսով,- ասաց նա՝ նշելով, որ զբոսաշրջիկները վտանգավոր են համարում Հայաստան այցելելը։- Իրենք չեն նայում, որ կռվում են Ղարաբաղում, չգիտեն, որ եթե ռմբակոծվում է, ապա դա սահմանամերձ գոտին է: Կարդում են, որ սմերչ ու գրադ են օգտագործում: Չգիտեն՝ Ղարաբաղը ումն է, ինչ է: Մտածում են՝ պատերազմ է, ինչու՞ գնամ վտանգավոր գոտի»,- ասաց Ադիբեկյանը: Սոցիոլոգը հավելեց, որ ներկայումս երկրների անվտանգության մակարդակը որոշելու համար կան տարբեր վարկանիշեր, որոնք կազմվում են՝ հաշվի առնելով ամենատարբեր բաղադրիչներ. «Եթե անվտանգության տակ հասկանում ենք, որ երեկոյան ժամերին կարելի է հանգիստ զբոսնել քաղաքում, ուրեմն մենք 162 երկրներից 23-րդ ենք, բայց եթե վերցնում ենք այլ ցուցանիշներ՝ բնակչության թիվը, ավտոտեղաշարժը, գողությունների, հարձակումների, բռնաբարությունների թիվը, ապա այդ առումով մենք իջնում ենք մի քանի հորիզոնականով: Գոյություն ունի ներքին եւ արտաքին ագրեսիայի ցուցանիշ, որը սահմանում է, թե տվյալ երկրի ժողովուրդը ներսում ինչքան է խոշտանգված, եւ երկիրը ինչ հարաբերությունների մեջ է շրջապատի հետ: Այս վարկանիշային աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, Վրաստանը՝ 39-րդ, Ադրբեջանը՝ 132-րդ, Թուրքիան՝ 135-րդ, իսկ Ռուսաստանը՝ 152-րդ»: