ԵԽԽՎ-ում Շահգելդյանը Միհրան Պողոսյանի անունը չտվեց
Պանամյան սկանդալը չի նշանակում, որ պետք է փնտրել կոնկրետ մարդկանց, այլ հիշել,որ հարկերից խուսափելը խնդիր է, որ վնասում է բոլորին: Այս մասին հայտարարեց Շտեֆան Շտենախը, որ Պանամյան փաստաթղթերի հարցով ԵԽԽՎ զեկուցողն էր: Քննարկման մասնակիցները հիմնականում մեջբերեցին այն փաստերը, որ ներկայացվել են փաստաղթերի բացահայտման ժամանակ: Ելույթները հիմնականում ընդհանրական էին` շեշտելով հարկերից խուսափելու վտանգների եւ վնասների մասին: Հայաստանից Մհեր Շահգելդյանը, Նաիրա Կարապետյանը եւ Սամվել Ֆարմանյանն էին հերթագրվել ելույթի համար: Սակայն վերջին երկուսի հերթը չհասավ: Նրանք գրավոր կներկայացնեն իրենց ելույթները: Իսկ Մհեր Շահգելդյանը իր ելույթում նշեց, թե պետք է պայքարել ստվերային տնտեսության եւ քաղաքականության դեմ: Ըստ նրա՝ անհատական ջանքերը արդյունք չեն տա, անհրաժեշտ են պետությունների կամ միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքեր։ Պարոն Շահգելդյանը առավել վտանգավոր համարեց օֆշորային գումարների օգտագործումը միջազգային քաղաքականության մեջ։ Նա հիշեց խավիարային դիվանագիտության մեջ հայտնի Ադրբեջանի նախագահին, որը երկրի գումարները օգտագործում է երկրի չափից ավելի ռազմականացման համար եւ ընդդեմ Ղարաբաղի։ Եվ որտեղի՞ց այդ գումարները,—հարց է հնչեցնում նա եւ պատասխանում՝օֆշորներից։ Նա, սակայն, չնշեց, որ Պանամյան փաստաղթերի բացահայտման արդյունքում Հայաստանում պաշտոնյա է հրաժարական տվել` ի դեմս ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի:Նա , հիշեցնենք, իր հրաժարականը բացատրել էր այսպես. «Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի»: ԵԽԽՎ այսօրվա նիստն ավարտվեց: