Արամ Ավագյանը կմենամարտի ադրբեջանցու հետ
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայտնի են դարձել հայ բռնցքամարտիկների բոլոր մրցակիցները կիսաեզրափակիչ փուլում: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակիչ մտնելու համար ուժերը կչափի Իտալիայի ներկայացուցիչ Մանուել Կապաիի հետ: Նույն երկրից մրցակից է բաժին հասել նաեւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանին: Նա կհանդիպի Վինչենցո Մարջիակապրեի հետ: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը կփորձի հաղթահարել իռլանդացի Բրենդան Իրվինի արգելքը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կմրցի լիտվացի Էվալդաս Պետրաուսկասի հետ: Հոգեբանական առումով անհարմար մրցակից է բաժին հասել 56 կգ քաշային Արամ Ավագյանին՝ հանձինս ադրբեջանցի Ջավադ Չալաբիեւի: Կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը տեղի կունենան վաղը, ապրիլի 15-ին: Օլիմպիական ուղեգրի համար մեր մարզիկներից պահանջվում է հաղթել այս փուլում: Անհաջողության դեպքում մեր բռնցքամարտիկները հնարավորություն կունենան 3-րդ տեղի համար մենամարտ անցկացնել, որը նույնպես Ռիո-2016-ի ուղեգիր է տալիս: