«Իշխանությունների և ժողովրդի միջև խորը տարբերություն է առաջացել». Վ. Սիսլյան
«Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանն անակնկալի չի եկել Արցախում վերջին ռազմական գործողություններից. «Ադրբեջանը մշտապես փորձել է իր կարծիքով իր տարածքները հետ բերել։ Փառք մեր զինվորներին, որ կարողացան այդ տարածքները պահել»,- ասում է նա։ Ըստ նրա՝ Ադրբեջանում տարվում է հակահայկական քարոզչության, ինչը մեզ համար ազդանշան պետք է լինի. «Քանի Ադրբեջանը նույն տրամաբանությունն ունի, ամեն հայ պետք է պատրաստ լինի։ Ամեն մարդ, ում ձեռքն ու ոտքը շարժվում է, պետք է տիրապետի զենքին, ռազմական գործին»։ Վազգեն Սիսլյանին ուրախացրել է պատերազմի օրերին Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակը. «Ոչ ոք քաղաքականության, ավելորդությունների մասին չէր խոսում, բոլորը պատրաստ էին գնալ սահման»։ Պարոն Սիսլյանը վստահ է՝ առանց մեծ տերությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Անգլիայի, համաձայնության Ադրբեջանը ռազմական գործողություններ չէր սկսի. «Պետք է աշխարհին ասել՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Այո, ոգու ուժը կարևոր է, երբ կողքին էլ մի բան կա»։ Իսկ արդյո՞ք նա չի կարծում, որ բանակում առկա զենքի բացը լրացնելու համար անհրաժեշտ է 22 տարի շարունակ հարստություն կուտակած անձանց «կուլակաթափ» անել. «Իշխանությունների և ժողովրդի միջև խորը տարբերություն է առաջացել, մեկն այստեղ է, մյուսն այնտեղ, ինչպես որ խրամատներն են կիլոմետրերով հեռու։ Դա վտանգավոր է»,- հավելեց նա։