«Հայաստանը Մինսկի խմբին պահանջներ պետք է ներկայացնի» (տեսանյութ)
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը զարմացած է, թե ինչու են օրերս Ադրբեջանի կողմից հանձնված հայ զինվորների մարմինների դատաբժշկական փորձաքննությունն անցկացնում միայն հայկական կողմի փորձագետները: Այս մասին այսօր նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ նշելով, որ միջազգային կառույցների փորձագետներն անպայման եւս պետք է մասնակցություն ունենան: «Մեր իշխանություններին կոչ եմ անում շատ շտապ հրավիրել համանախագահող երկրների համապատասխան մարմինների փորձագետներին: Անպայման իրենց հետ միասին պետք է արվեն այդ գործողությունները: Վաղն Ադրբեջանը ամեն ինչ կարող է հարցականի տակ դնել»,-նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի վայրագությունները մեր զինվորների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ պետք է հասցվեն միջազգային հանրությանը՝ ներկայացվելով ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կառույցների շենքերում: Ինչ վերաբերում է բանակցությունների վերսկսմանը, ապա Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը պետք է Մինսկի խմբից պահանջի, որպեսզի նրանք ապահովեն իրենց իսկ առաջարկները՝ այն է՝ սահմանից դիպուկահարների հեռացումը եւ վերահսկող տեխնիկայի տեղադրումը: «Դրանից հետո միայն Հայաստանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ: Մինչ այդ անիմաստ է»,-ասաց նա: Անդրադառնալով խաղաղապահների տեղակայմանը` Ստեփան Գրիգորյանը նշեց, որ դա մի շարք հարցեր է առաջացնում. «Խաղաղապահների տեղակայումը Մադրիդյան սկզբունքների վերջին կետն է: Ինչու՞ ենք վերջից սկսում: Դա հազար ու մի հարց է առաջացնում՝, որտեղ պետք է տեղակայվեն նրանք եւ որ երկրի խաղաղապահները պետք է լինեն»: