Բողոքի ակցիան ավարտվեց. «Մենք գնում ենք՝ հետ գալու նպատակով» (տեսանյութ)
20.38 Ընդդեմ Ռուսաստանի բողոքի ակցիան ավարտվեց։ Մասնակիցները զգուշացրեցին. «մենք գնում ենք հետ գալու նպատակով, եթե Ռուսաստանը չհայտարարի, որ այլևս չի զինելու Ադրբեջանի բանակին, մենք մեր քայլերն ենք անելու և բացելու ենք նրանց աչքերը»։ 20.03 «Փսլինքը դու ես, սապլյակը դու ես», - հայտարարեցին ակցիայի մասնակիցները, դիմելով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին. ձվեր ու մանրադրամներ շպրտելով դեսպանատան ուղղությամբ։ Ձվեր շպրտելուց հետո մասնակիցների և ոստիկանության միջև հրմշտոց սկսվեց։ Կազմակերպիչներից ոմանք հորդորեցին մասնակիցներին անցնել դիմացի մայթ և ակցիան շարունակել այնտեղ, որպեսզի երթևեկությունը չխոչընդոտվի։ Սակայն ժողովուրդը չհամաձայնվեց, նրանք վանկարկում են՝. «Մը-նում-ենք, մը-նում-ենք»։ 19.48 Այս պահին ընդդեմ Ռուսաստանի ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց են, նրանք վանկարկում են. «Ղարաբաղը մերն է»։ Չնայած ոստիկանները թույլ չէին տալիս մասնակիցներին անցնել փողոցն ու մոտենալ դեսպանատան դարպասներն, բայց քաղաքացիներն այնուամենայնիվ մոտեցան՝ փակելով փողոցը։ Երբ ոստիկանները հորդորում էին քաղաքացիներին հեռու կանգնել դարպասներից, «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասաց. «ի՞նչ տարբերություն, ընենց եք պաշտպանում, ոնց որ Ղարաբաղի սահմաննա»։ 19.30 Ակցիայի մասնակիցները մեկ րոպեով կանգ առան նաև ԱԳՆ շենքի մոտ։ «Թվում է, թե այս կառույցից լուրջ բան պետք է պահանջենք, բայց մենք պարզապես պահանջում ենք, որ Էդվարդ Նալբանդյանը չխառնվի արտաքին գործերին»,- հայտարարեց ակցիայի մասնակից Դավիթ Սանասարյանը։ 19.23 Այս պահին ակցիայի մասնակիցները կանգնած են կառավարության շենքի դիմաց։ Նրանք կարծում են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չպետք է մեկներ Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՄ վարաչապետների նիստին։ «Սա նսեմացնում է մեր արժանիքները։ Սա դիվանագիտական առումով նանակում է՝ թքել է մեր վրա։ Հովիկ Աբրահամյանը պետք է գնար Մոսկվա միայն մի թղթով՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացը սկսելու համար»,- կառավարության շենքի մոտ հայտարարեց ակցիայի մասնակից, «Իրազեկ քաղաքացիների միավրում» ՀԿ անդամ Դանիել Իոանիսյանը։ Նա հավելեց, որ եթե մեր վարչապետը այդպես ժպտում է մի երկրի վարչապետին, որը թշնամում զենք է վաճառում, ապա նա կարող է մնալ այդ երկրում և այլևս չվերադառնալ։ Ապրիլի 13 18.57 Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ իրենց բողոքն արտահայելու համար, հարյուրավոր քաղաքացիներ այս պահին ակցիա են անցկացնում Ազատության հրապարակում: Հարթակից ելույթ ունեցողները Ռուսաստանին մեղադրում են Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելու, նրան ընդդեմ Հայաստանի զինելու մեջ: Ակցիայի մասնակիցները պատրաստվում են երթով շարժվել դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն: Այնտեղ ևս ակցիայի մասնակիցները հանդես կգան ելույթներով: Ապրիլի 12 Երևանում վաղը՝ ապրիլի 13-ին, բողոքի երթ կանցկացվի վերջին բախումների ընթացքում Ռուսաստանի կեցվածքի ու ՌԴ կողմից Բաքվին զինելու փաստի դեմ։ Ակցիան կմեկնարկի ժամը 18:30-ին՝ Երևանի Ազատության հրապարակում, ու կեզրափակվի ՌԴ դեսպանատան դիմաց: Մասնակիցները պահանջելու են Ռուսաստանից կատարել ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները, իր հետագա որոշումներում հարգել Հայաստանի անվտանգության և ազգային շահերը, անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: «Տարիներ շարունակ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլարի ռազմամթերք, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքեր` կասետային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային կրակի համակարգեր և ТОС-1А «Սոլնցեպյոկ» ծանր հրետանի: Ռուսաստանի այն արդարացումը, որ եթե իրենք չվաճառեին, ապա Ադրբեջանը զենքը կգներ այլ երկրներից, իրականում ստոր սուտ և կատարված հանցագործության համար պատասխանատվությունից խուսափելու փորձ է, քանի որ համարժեք զենքեր արտադրող մյուս երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) հրաժարվել են Ադրբեջանին սպառազինելուց», - նշվում է նախաձեռնության հաղորդագրությունում: «Ռուսաստանի կողմից հակահայկականության դրսևորում էին վերջին օրերի դիվանագիտական զարգացումները, որոնց գագաթնակետը Բաքվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից մեր դեմ սանձազերծված ռազմական ոտնձգությունների ժամանակ սպանված ասկյարների հուշահամալիր-պանթեոնում ծաղկեպսակի տեղադրումն էր, ինչպես նաև՝ ՌԴ վարչապետի ու փոխվարչապետի հայտարարությունները Ադրբեջանին սպառազինության վաճառքը շարունակելու մասին: Պահանջների չկատարման դեպքում Հայաստանի հասարակությունը մի վերջին անգամ կամրագրի, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, և Հայաստանն իր հերթին կաշկանդված չի լինի նրա հանդեպ դաշնակցային պարտավորություններով»,- շեշտում են երթի կազմակերպիչները: