Կոչ ԱՄՆ կոնգրեսականներին՝ դուրս գալ թուրքական և ադրբեջանական հանձնախմբերից
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻՑ Վաշինգտոն - Այսօր Ամերիկայի հայկական Համագումարը (Համագումար) կոնգրեսականներին կոչ է արել դուրս գալ Կոնգրեսի Թուրքիայի ու ամերիկաբնակ թուրքերի և Կոնգրեսի ադրբեջանական հարցերով հանձնախմբերից՝ «հաշվի առնելով ապրիլի 2-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից նախաձեռնած և թուրք զինծառայողների, անձնակազմի և թուրքական սպառազինության օժանդակությամբ ռազմական հարձակման ժամանակ դրսևորված և իր գագաթնագետին հասած վարքագիծը»: Համագումարի նամակում մատնանշվում են Ադրբեջանի կատարած աղաղակող բռնարարքները, այդ թվում՝ 12-ամյա տղայի սպանությունը և տարեց զույգի զարհուրելի սպանություն-խոշտանգումը, «կամիկաձե» անօդաչու սարքի կիրառումը և ազգությամբ եզդի Հայաստանի քաղաքացի երիտասարդ զինվորականի և երկու քրիստոնյա հայ զինվորների գլխատումը: Ի լրումն այս բռնության, այդ վայրագությունները համացանցով տարածվել էին «Իսլամական պետության» ոճով տեսանյութի միջոցով՝ քրիստոնյա հայերի դեմ հետագա բռնություններ հրահրելու նպատակով: «Այս դաժանությունը խիստ մտահոգիչ է, հստակորեն խախտում է ժնևյան կոնվենցիաները և ակնհայտորեն նմանվում է «Իսլամական պետության» կողմից կիրառվող մարտավարությանը», - նամակում հայտարարել են Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել էր, թե իրենց զինվորները «դարձել էին շեհիդներ» կամ մահմեդական նահատակներ: «Անկախ ադրբեջանական և թուրքական վարչակարգերի զորակցելու ձեր նախկին դրդապատճառների՝ չենք կարող պատկերացնել, որ որևէ ամերիկացի կշարունակի այդպես վարվել՝ ի դեմս վերջին իրադարձությունների», - ասել են Համագումարի համանախագահները: «Այդպես վարվելը կնշանակեր ներել այդպիսի վարքագիծը»: