Շանթ Հարությունյան. «Ռոգոզինը չի էլ փորձել ձեւեր թափել»
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը ՌԴ-ի նկատմամբ միշտ նույն կարծիքն է ունեցել եւ վերջին իրադարձությունները չէ, որ ստիպել են նոր կարծիք ձեւավորել: «Իմ պապը եւ հայրը միշտ Խորհրդային միությանը դեմ են եղել: Նրանք ասել են, որ Խորհրդային Ռուսաստանը, իսկ մեր օրերում արդեն ՌԴ-ն միշտ քայլեր են կատարել, որը պետք է վնասի մեր երկրի շահերին, մեր երկրի անկախությանն ու ինքնիշխանությանն է վնասում: Հետեւաբար հայրս միշտ հստակ դիրքորոշում է ունեցել «դաշնակից» Ռուսաստանի նկատմամբ եւ միշտ էլ թշնամական վերաբերմունք է ցուցաբերել»,- «Ա1+»-ին ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Շահենը մի քանի օր առաջ կալանավայրում 24 ժամ անցկացրել է հոր հետ, խոսել են Ղարաբաղյան հիմնախնդրից, Ռուսաստանի եւ Ադրբեջանի թեմայից, բայց այս անգամ զրույցն ավելի խորն է եղել: Նա նաեւ որդուն իր խոսքն է փոխանցել Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու ուղղությամբ, որից ներկայացնում ենք մի հատված: «Երբ Բաքվում լրագրողները Ռոգոզինին հայտնել են, թե Հայաստանի նախագահը Մեդվեդեւին իր բողոքն է հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, Ռոգոզինը պատասխանել է, թե Ռուսաստանը կշարունակի զինել Ադրբեջանին։ Զարմանալի չէ, որ Ռոգոզինը չի էլ փորձել «ձեւեր թափել», «կռուտիտ անել»: Ռոգոզինը եւ Կրեմլը արժանապատվություն չունեցող նախագահի դեմքը փրկելու անհրաժեշտություն չեն տեսնում»: Հանուն մեր քաջարի զինվորների անվտանգության եւ խաղաղության Շահեն Հարությունյանը եւ մի խումբ երիտասարդներ կոչ են անում մասնակցել վաղվա բողոքի երթին, որը մեկնարկելու է Ազատության հրապարակից եւ եզրափակվելու է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց: Նրանք պահանջելու են անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, հակառակ պարագայում Հայաստանի հասարակությունը մի վերջին անգամ կամրագրի, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ: Հիշեցնենք, որ 2013 թ. նոյեմբերի 5-ից Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները գտնվում են անազատության մեջ: Նրանք մեղավոր են ճանաչվել 2013 թ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար։ Շանթ Հարությունյանը համոզված է, որ գործը ռուսական ԿԳԲ-ն էր պատվիրել: