Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տեր-Պետրոսյանը Սարգսյանին կանչել էր՝ անձամբ ինֆորմացիա ստանալու»

Քաղաքականություն
12991800_1005622092808521_1692120993_o

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը վերջին օրերին հրահրել է Թուրքիան. համոզված է ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահ Արթուր Լեւոնյանը: Նրա կարծիքով՝ Թուրքիան դա արել Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար. «Սակայն մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը բավարարվեց միայն շաբլոն հայտարարություններով, նա ոչինչ չարեց, բայց մենք վաղուց պետք է հասկանայինք, որ կարող ենք ապավինել միայն մեզ: Մենք ապացուցեցինք, որ կարող ենք կռվել ու մարտնչել անգամ Սերժ Սարգսյանի ասած 80-ականների զենքով»: Արթուր Լեւոնյանը կարծում է, որ մեր երկիրը պետք է առիթը բաց չթողնի եւ ՀԱՊԿ շրջանակներում բարձրաձայնի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան չի կարելի դնել: «Ա1+»-ի հարցին, թե որքանո՞վ է ճիշտ, որ հայ զինվորը մինչեւ հիմա կռվում է 80-ականների զենքով, Արթուր Լեւոնյանը պատասխանեց. «Իհարկե, ես համարում եմ, որ դա նորմալ չէ: Ես մասնագետ չեմ, բայց լսել եմ, որ Ադրբեջանի Իսրայելից գնած որոշ զինատեսակներ այդքան էլ թանկ չեն, անգամ Հայաստանի համար: Թե ինչո՞ւ մերոնք չեն օգտվել այդ հնարավորություններից՝ չգիտեմ: Եվ հետո, ես հակված եմ հավատալու, որ մենք ունենք նորագույն զինատեխնիկա, թե ինչու չենք օգտագործել, կարծում եմ դեռ կբացատրեն»: «Ա1+»-ի մյուս հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի հանդիպումը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ ինչպես կարող է այն ազդել այսօրվա իրավիճակի վրա, ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահը պատասխանեց. «Տարիներ առաջ դրված խնդիրն այլ էր, այսօրվա խնդիրն այլ է: Իհարկե, լավ է, որ հանդիպել են, բայց կարծում եմ, Սերժ Սարգսյանը լիովին տիրապետում է այսօրվա իրավիճակին, եւ առաջին նախագահը չէր կարող նրան կարեւոր ինֆորմացիա տալ: Քանի որ գիտենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկով, կարծում եմ, որ նա կանչել էր Սերժ Սարգսյանին, դրության մասին անձամբ նրանից ինֆորմացիա ստանալու համար: Ի դեպ, լավ կլիներ, որ Ռուբերտ Քոչարյանն էլ ներկա լիներ այս հանդիպմանը»: