«Կոնսոլիդացիա, հետո՝ սևերին գյուլլել» (տեսանյութ)
«Անհրաժեշտ է կոնսոլիդացիա ամեն հարցում»,-ստեղծված իրավիճակում, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մարտական գործողություններն ամեն վայրկյան կարող են վերսկսվել, նման կոչ է անում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը։ «Ժողովուրդն առանց այդ էլ կոնսոլիդացված է. Ո՞ւմ հետ կոնսոլիդացվենք, իշխանություննե՞րի, որը չի պահում այս երկիրը»,-հակադարձեց տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ ՀՀԿ-ական պատգամավորն ընդունում է՝ այն զինվածությունը, որ ունենք, չի համապատասխանում այսօրվա պահանջներին։ «Այս խնդիրներով պատասխանատուն բոլորս ենք։ Եթե Այվազյան Վարդանն է մեղավոր, թող առաջինն ինձ կախեն»։ Բանակն ուժեղացնելու և նոր զենքեր գնելու համար, ըստ նրա՝ կարելի է գումար տնտեսել բոլոր ոլորտներում։ «Դպրոցաշինության 25 տարվա ծրագիր ունենք։ Գյուղում մարդ չի մնացել, 25 տարվա ծրագիր ենք անում։ Դա վերջանում է, նորից ենք ծրագիր անում»,-օրինակ բերեց նա։ ։ Իսկ Ռուսաստանի՝ չեզոք դիրքորոշման առնչությամբ պարոն Այվազյանը շեշտեց. «Նեղացողի կեցվածք ընդունելը ճիշտ չի։ Պետք է գնալ և մասնակցել ԵՏՄ համաժողովին։ Ինչո՞ւ չգնալ և չասել՝ սիրելիս, եթե դու մեզ բարեկամ ես, ես քո բարեկամությունը որտե՞ղ պետք է տեսնեմ։ Բայց մենք ինչու ենք Ռուսաստանից նեղանում. Ռուսաստանը մեզ պետք է այնքան, որքան մենք իրեն»։ Տնտեսագետն իր հերթին հիշեցրեց. Ադրբեջանի ռազմական բյուջեն 7 անգամ ավելի է հայկականից։ «Դիլիջանում հրաշք բան եք կառուցում, հետո Ծաղկաձորում եք հրաշք բան կառուցում։ Այդ փողերը ծախսեիք բանակի վրա»։ «Դիլիջանում այդ հրաշք բանի կառուցման ժամանակ դուք պատգամավոր եք եղել ու կողմ եք քվեարկել»,-հակադարձեց պարոն Այվազյանը։ Նա այս հարցին այլ կողմից է նայում. «Ստեղծում է Ադրբեջանը թռչող սարք, դա խփողին դու պատրաստի։ 5000 դոլարով մեր հերոս տղան խփում է 5 տանկ, որն արժի 8 մլն 500.000 դոլար։ Պետք է այդ ռազմավարությունը մտածել»։ Իսկ պարոն Բոստանջյանը շեշտեց. «Հերիք է լացել, սրանից-նրանից նեղանալ։ Ռուսաստանից նեղանում են, Ադրբեջանից, Թուրքիայից. գնա, գործդ արա»,-կոչ արեց նա իշխանություններին։ Բացի այդ, խոսեց շքեղությունների մասին, որ իրենց թույլ են տալիս պաշտոնյաները. «Սպասարկող մեքենաներով կարելի է մի քանի տանկ գնել։ Մի ծառայողական մեքենայով կարող ես երկու անօդաչու թռչող սարք գնել։ Պետական ապարատում ով չի ալարում՝ սպասարկող մեքենա ունի։ Ինչո՞ւ պետք է պետության հաշվին պաշտոնյան գնա, գա»։ «Իմ ծառայողական մեքենան արժի 35.000 դոլար։ Ամենամեռած թռչող սարքն այսօր արժի մոտ 100.000 դոլարից ավելի։ Ինձ որ մնա՝ եկեք բոլոր մեքենաներն էլ հանենք»,-պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավորը, հավելելով, որ պետք է կոնսոլիդացիա։ «Դրանից հետո կսկսենք որոշել՝ սա սպիտակ է, սա սև. սևերին գյուլլել»,-եզրափակեց նա։