«Ես Էդվարդ Նալբանդյանին չէ, որ հավատում եմ, ես ձեզ եմ հավատում» (տեսանյութ)
«Երկրում սուր իրավիճակ է, և կոնսուլտացիաներն ընդդիմադիր ուժերի հետ բնական է»,-Սերժ Սարգսյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման վերաբերյալ նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի քայլերին, քաղաքագետն ասաց. «ԵԱՀԿ-ն ոչ թե բանակցության գործընթացով է զբաղվում, այլ այս պահին փորձում է Շտապ օգնության դեր տանել»։ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը դրական է գնահատում առաջին և գործող նախագահների հանդիպումը. «Տեղյակ եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի միջնորդությամբ է եղել այդ հանդիպումը և նրա տանը։ Դա զուտ կեցավայր չէ, այլ տուն: Կարծում եմ՝ շատ պոզիտիվ նշանակություն ու դեր ունի այդ հանդիպումը»: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կեցվածքին, նա շեշտեց, որ խռովածի կեցվածք ընդունելը ճիշտ լուծում չէ. «Պետք է կոնկրետ հարցեր ներկայացվեն միջազգային հանրությանը»։ «Համատեղ ջանքեր գործադրել՝ հրադադարի ռեժիմն ամրացնելու համար»,-Մինսկի խմբի համանախագահների պարտավորությունն է հիշեցնում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Ըստ նրա՝ ԵԱՀԿ-ին պետք է դիմել, որ հստակ գնահատական տրվի Ադրբեջանի գործողություններին։ «Բոլորն էլ ամեն ինչ հասկանում են. Մինսկի խմբում հիմարներ չկան»,- ասաց պարոն Իսկանդարյանը։ Իսկ տիկին Ալավերդյանը՝ համաձայնելով այս մտքին, ընդգծեց. «Մենք ասում ենք, որ մեզ հիմարի տեղ չդնեն։ Իրենց ելույթը Հայաստանում պարզապես պարտադրանք էր։ Մենք ասում ենք՝ դուք մեզ մի պարտադրեք։ Եթե իրենք չեն կատարում իրենց պարտավորությունները, մենք պարտավոր չենք համաձայնել իրենց հետ տարբեր հարցերում»։ Տիկին Ալավերդյանը նշեց. «Աշխարհին պետք է կոչ անել, որ ճանաչի ԼՂՀ-ն»։ Հարցին՝ հավատո՞ւմ եք, որ Էդվարդ Նալբանդյանը դա կանի՞, ասաց. «Ես Էդվարդ Նալբանդյանին չէ, որ հավատում եմ, ես ձեզ եմ հավատում։ Ես միշտ հասարակությունից եմ պահանջել»։ Իսկ «Կովկաս» ինստիտուտի տնօրենը նշեց. «Ադրբեջանը չի կարող վերցնել Ղարաբաղը։ Նրանց պետք էր մի քառակուսի կմ տարածք, նրանք դա ունեն»։