Հայաստանը դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը . Սարգսյան.DW (տեսանյութ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Գերմանական Deutsche Welle-ին. Այն հարցին, թե ինչու Հայաստանը չի ցանկանում, որ հակամարտության գոտում լինեն խաղաղապահ ուժեր, օրինակ ռուսական, Սարգսյանը պատասխանել է. «Մենք երբեք դրան դեմ չենք արտահայտվել, սակայն համարում ենք, որ այս հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի»,- ընդգծել է Սարգսյանը: Նա ճշտել է, որ Երևանը պատրաստակամություն է հայտնել փաստաթղթերը ստորագրելու ուղղված հակամարտության բազմակողմանի կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղապահ ուժերի օգնությամբ: Սակայն, Սարգսյանի խոսքերով` ադրբեջանական կողմը դա չի ցանկացել: Հարցազրույցն ամբողությամբ կարդացեք այստեղ Թարգմանությունը՝ ստորեւ «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց նա իզուր է զենք վաճառում Ադրբեջանին». Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Դոյչե Վելեին» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիա կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել «Դոյչե Վելե» լրատվականին, որում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության սրմանն ու այդ հակամարտության մեջ Ռուսաստանի դերին: Նա նաև խոսել է այն մասին, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը: Ներկայացնում ենք հարցազրույցը ՝ որոշ կրճատումներով: Լրագրողի հարցին, թե ինչ է անում Հայաստանը հերթական արյունահեղությունը կանխելու համար, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Մենք անում են հնարավոր ամեն ինչ: Մոտ 3 տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած հիմնարար 3 սկզբունքներից 2-ից, ու հիմա պահանջում է, որ այդ հակամարտությունը լուծվի բացառապես տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքից ելնելով: Ադրբեջանը բազմապատկում է իր ռազմական բյուջեն ու զարգացնում ռազմական հռետորաբանությունը»: Լրագրողը նկատել է, որ ապրիլի 1-ին սանձազերծված պատերազմն, ինչպես հաճախ է լինում, սկսվեց անսպասելիորեն, ու ավարտվեց նույնքան անսպասելի: Նա փորձել է պարզել, թե ով օգնեց հրադադարի պայմանավորվածության ձեռքբերմանը: «Մենք չենք կարծում, թե պատերազմն անսպասելի սկսվեց: Մենք սպասում էինք նրանց. կատարվեց այն, ինչ պիտի կատարվեր: Բայց հրադադարը ևս պատահականություն չէր: Ադրբեջանցիները մեծ կորուստներ կրեցին: Եվ բացի այդ, ՌԴ գլխավոր շտաբի պետը զանգահարել է ՀՀ գլխավոր շտաբի պետին ու հայտնել, որ Ադրբեջանը պատրաստ է այդ հարցով հայկական կողմի հետ հանդիպել Մոսկվայում: Կար նաև միջազգային հանրության աջակցությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով շփման գծում խաղաղապահ զորքերի, օրինակ՝ ռուսական, հնարավոր առկայությանը՝ նախագահը նշել է. «Մենք երբեք դրան դեմ չենք եղել, բայց կարծում ենք, որ դրանով հակամարտությունը պետք է վերջնական լուծում ստանա: Ավելին, մենք պատրաստակամություն ենք հայտնել համապատասխան փաստաթուղթ ստորագրելու, որով հնարավոր կլիներ հասնել հակամարտության համապարփակ լուծման, միևնույն ժամանակ նաև 2 կողմերում խաղաղապահ զորքերի ներկայություն ապահովել: Ադրբեջանցիները, սակայն, դա չուզեցին»: Այնուհետև լրագրողը հնչեցրել է հետևյալ հարցը. «Դուք նշեցիք, որ Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելու գործում: Ի՞սկ ինչպես եք գնահատում Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում: Նշեցիք, որ Ռուսաստանը ձեր դաշնակիցն է, հովանավորը, բայց միևնույն ժամանակ այդ նույն Ռուսաստանը ժամանակակից զենք է վաճառում Ադրբեջանին»: Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես երբեք չեմ ասել, թե Ռուսաստանը մեր հովանավորն է, ու առհասարակ ոչ մի պետություն չի կարող մեր հովանավորը լինել: Եվ Ռուսաստանը երբեք այնպիսի դեր չի ունեցել Հայաստանի համար, ինչպիսին Թուրքիան ունի Ադրբեջանի համար: ...Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց միևնույն ժամանակ մենք միշտ բացեիբաց հայտարարել ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն»: Սերժ Սարգսյանը բացատրել է նաև, թե ինչու ՀՀ-ն չի ճանաչում ԼՂՀ անկախությունը: «Դա փոխզիջում է մեր կողմից: Եթե Հայաստանն այսօր ճանաչի ԼՂ անկախությունը, դա կնշանակի մենք հրաժարվում ենք բանակցային գործընթացից, չենք ճանաչում, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չառաջանան հակամարտության լուծման հարցում»: Գնահատական տալով Մինսկի խմբի գործունեությանը, Սերժ Սարգսյանը նշել է, որ դա այժմ հակամարտության լուծման միակ օպտիմալ ճանապարհն է, և որ այդ ձևաչափի փոփոխումը ոչինչ չի տա: Նա ընդգծել է, որ ձևաչափի փոփոխում պահանջում է Ադրբեջանը: Անդրադարձ է կատարվել նաև Եվրոմիության «Արևելյան գործընկերության» փոխարեն Հայաստանի կողմից ԵՏՄ օգտին ընտրություն կատարելուն, որին ի պատասխան Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Նկատեմ, որ մենք այժմ էլ հանդիսանում ենք «Արևելյան գործընկերության» անդամ: Ռուսաստանի կողմից ոչ մի ճնշում չի եղել: Առաջնորդվելով տնտեսական շահավետությամբ (Ռուսաստանը մեր գլխավոր շուկան է ու մեր գլխավոր առևտրային գործընկերը): Ռուսաստանը ԵՏՄ շրջանակներում մեզ առաջարկեց շատ շահավետ պայմաններ՝ իր ապրանքների համար 30% զեղչ տրամադրելով: Իմ սկզբունքն է՝ ընդունել որոշումներ, որոնք կարող են իրականացվել»: Սերժ Սարգսյանը նաև հույս է հայտնել, որ Գերմանիան մինչև Բունդեսթագի ամառային նստաշրջանի ավարտը բոլոր խմբակցությունների մասնակցությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: