Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հեռու է կայուն լինելուց. Պեսկով
Կրեմլը վստահեցնում է, որ Մոսկվան կշարունակի աջակցել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ շեշտելով, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հեռու է կայուն լինելուց։ «Անշուշտ, այս անգամ ևս տարբեր մակարդակներում օպերատիվ մեծ աշխատանք տարվեց, որպեսզի կրակը դադարեցվի»,- Պեսկովը հավաստիացրել է, որ պաշտոնական Մոսկվան կշարունակի օժանդակություն ցուցաբերել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և հակամարտության հենց սկզբից լուրջ ջանքեր է գործադրում խաղաղ կարգավորման ապահովման համար: «Մինչ այս թեժ բախումների վերսկսումը կային շատ լավ մշակումներ, արվել էին շատ դրական քայլեր կարգավորման ուղղությամբ, սակայն այժմ, ցավոք, տեղի ունեցավ քայլ դեպի հետ, և հարկ կլինի այժմ հետ բերել բաց թողածը», - նշել է Պուտինի խոսնակը: