Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դրսի համար աշխատող մեր ՏՏ մասնագետները պետք է օգնեն հայկական բանակին» (տեսանյութ)

Քաղաքականություն
texno

«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի ռազմական գործողությունների ընթացքում կիրառվեցին ամենավերջին բարձր տեխնոլոգիաներով զենքերը, որոնք ամենաշատ զոհերը պատճառեցին մեզ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Պատերազմն ակնհայտորեն թեւակոխում է տեխնոլոգիական դարաշրջան, եւ եթե պատրաստ չենք լինում դրան, ապա գին պիտի վճարենք, որը մարդու կյանքն է: Ինչպես  բոլոր դարաշրջաններում, այժմ էլ հաղթում է  տեխնոլոգիապես ավելի ուժեղը»,-ասաց նա: Մասնագետը չի ընդունում մամուլում եւ սոցցանցերում շրջանառվող կարծիքները, թե հայ ժողովուրդը իր արդարությամբ կարող է հաղթել թշնամուն. «Չոբանը հրացանով անօդաչու սարք է խփում, եւ դա համարում ենք նորմա: Սա հասարակությանը շեղում է եւ տանում դեպի դեգեներացիա»: Կարեն Վարդանյանի խոսքով, ըստ էության, կռվում ենք երկաթի կտորների հետ: «Անօդաչու թռչող սարքերը տեխնոլոգիական վերջին ձեռքբերումներով հագեցած ապրանք են, եւ ակնհայտ է, որ դրանց կառավարումը իրականացրել են օտարերկրյա մասնագետները, այլ ոչ ադրբեջանցիներ,  բայց նրանք կարողացել են  դրա համար վճարել»: Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 15 հազար ՏՏ ոլորտի մասնագետ կա, որոնք հիմնականում աշխատում են դրսի համար: Ըստ Վարդանյանի՝ այս լարված օրերին նրանք պետք է քայլեր ձեռնարկեին՝ օգնելու հայկական բանակին: