Բացասական ռեզուսով արյան պաշարները բավարար են (տեսանյութ)
Վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածության արդյունքում բոլոր վիրավորվածները գտնվում են խիստ ուշադրության կենտրոնում, ապահովված են դեղորայքով եւ նեղ մասնագիտական օգնությամբ: Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Առաջին իսկ օրվանից նախարարությունը սերտ համագործակցել է թե՛ ՊԲ-ի հետ, թե ԼՂՀ առողջապահության նախարարության հետ: Այդ համագործակցության արդյունքում բոլոր տեսակի անհրաժեշտ դեղորայք, սարքեր, մարդկային ռեսուրսներ՝ մասնագետներ, տրանսպորտ է ուղարկվել այնտեղ»,- վստահեցրեց նախարարը: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ որոշ վիրավորներ տեղափոխվել են Երեւանի տարբեր քաղաքացիական հիվանդանոցներ՝ նեղ մասնագիտական օգնություն ստանալու համար: Ինչ վերաբերում է բացասական ռեզուսով արյան խնդրին, պարոն Մուրադյանը նշեց, որ այդ խնդիրը եղել է մշտապես, քանի որ բնակչության միայն 7 տոկոսն ունի 4-րդ կամ 3-րդ կարգի բացասական ռեզուսով արյուն. «Սակայն այս պահին, ոչ մի խնդիր չկա, պաշարները բավարար են»: