Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջ ՌԴ-ին ու ՀՀ ներկա ու նախկին վարչապետերին (տեսանյութ)

Քաղաքականություն
Hovik-ABrahamyan-Tigran-Sargsyan

ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ երեկ գիշեր եւ այսօր առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հարաբերական անդորր է, ադրբեջանական ագրեսորների քայլերը չեզոքացվել են. «Դա մեր միասնականության արդյունքն է, որի շնորհիվ մեր արդար պայքարը գնալու է միայն հաղթանակի»: Այսօր ԱԺ-ն քվեարկեց ու 62 կողմ, 13 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց  «Հրազդան ցեմենտ» գործարանին տույժ-տուգանքներից ազատելու մասին նախագիծը: «Հրազդան ցեմենտ»-ի հետ կապված մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նկատեց՝ թեեւ գործարանն անցել է մի բանկի՝ ՎՏԲ-ին, որի կապիտալը ադրբեջանական է, սակայն հաշվի առնելով գործարանի վերագործարկման հեռանկարը՝ ինքը կողմ է քվեարկելու նախագծին: Վարման կարգով ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ վերջին մի քանի օրերին ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի ակնհայտ ռազմական գործողությունները, հակառակորդի կիրառած ռուսական արտադրության բացառապես զինտեխնիկան ցույց տվեցին, որ ՌԴ կողմից Ադրբեջանին զինամթերքի մատակարարումը ոչ թե բիզնես է, այլ ՌԴ-ն այդպիսով խախտում է տարածաշրջանում ուժերի բալանսը. «Դա խանգարում է հակամարտության խաղաղ լուծումը: Կոչ եմ անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, ՌԴ-ից պահանջենք, որ նա, լինելով ԵՏՄ, ՀԱՊԿ, Մինսկ խմբի անդամ երկիր, հավատարիմ մնա ՀԱՊԿ պայմանագրի առաջին հոդվածին ու հայ-ռուսական բարեկամության պայմանագրի հոդվածին ու խզի զենքի մատակարարման պայմանագիրը Ադրբեջանի հետ»: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էլ նկատեց, որ լավ է, որ միասնական ենք, սակայն ոչ մի վտանգ էլ չի չեզոքացվել. «Այն շարունակում է մնալ, եւ ես համաձայն չեմ մեր իշխանավորների արտաքին քաղաքական քայլերի հետ, դրանք շատ փափուկ են: Ես կարծում եմ, որ Մոսկվա տեղափոխված ԵՏՄ անդամ վարչապետերի հանդիպմանը մեր վարչապետ Հովիկ Աբրահամյանը չմասնակցի, ինչպես նաեւ՝ ԵՏՄ մեր ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը: Մի օր պիտի «ոչ» ասենք, որ մեզ հարգեն»: «Պարոն Բագրատյան, այսօր կառավարության հետ հարցուպատասխանի օր է ու կարող եք այդ հարցը ուղղել նրանց»: