Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԽԽՎ նախագահը ռազմական հանցագործ է»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Naira_Zohrabyan1

ԱԺ-ում այսօր ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը առաջարկեց դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ վերհանելու Ադրբեջանի ֆաշիստական դոսիեն. «Միահամուռ քննարկենք եւ աշխարհի համար ցուցադրելի կերպով ներկայացնենք ադրբեջանցի զինվորի կողմից հայ երեխայի ոչնչացումը եւ մեծահասակների ականջ կտրելն ու սպանելը»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ բարձր է գնահատում նրա հայրենասիրական կեցվածքը, սակայն կա արդեն ԱԺ կոչը բոլոր միջազգային կազմակերպություններին. «Այս պահին այս ձեւաչափն ենք ընտրել»: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էլ նկատեց՝ արդյոք ժամանակը չէ՞՝ ԱԺ օրակարգում ընդգրկել ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչումը: «Սերժ Սարգսյանն անվտանգության նիստ է, գիտեք, գումարել, հանձնարարել է ԱԳՆ-ին՝ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել ԼՂՀ հետ ու հիմա աշխատանքներն այդ ուղղությամբ են գնում: Դրանից հետո այդ հարցը կքննարկենք նաեւ ԱԺ-ում»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ հետաքրքրվեց՝ որքանո՞վ են տեղին սոցցանցերում արյուն հանձնելու հետ կապված կոչերը: «Ես բարձր եմ գնահատում մեր հանրության պատրաստակամությունը. սա եւս մեկ անգամ խոսում է, որ բարոյահոգեբանական մթնոլորտը մեր երկրում շատ բարձր է: Սակայն Առողջապահության նախարարը հայտարարել է, որ արյան կարիք չկա»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ակնհայտ է միջազգային հանրության համար, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, ու այն, բացի ուժից, այլ լեզու չի հասկանում. «Նաեւ ուզում եմ անդրադառնալ ԵԽԽՎ պաշտոնը զբաղեցնող իսպանացի ջեբկիր նախագահ Պեդրո Ագրամոնդի խայտառակ հայտարարություններին: Նա ռազմական հանցագործ է դարձել, մի պաշտոնյա, որ պարտավոր է լինել անաչառ, երեկ սատար է կանգնել Ադրբեջանին՝ իր անմիջական աջակցությունը հայտնելով խաղաղ բնակչության սպանդին: ՀՀ-ն պարտավոր է իր հստակ վերաբերմունքը հայտնել ստահակ Պեդրո Ագրամոնդի նկատմամբ. նա ռազմական հանցագործ է»: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հեռախոսազրույց է ունեցել Պեդրո Ագրամոնդի հետ ու բազմակողմանի տեղեկացրել է Ադրբեջանի ագրեսիվ-ահաբեկչական քաղաքականության մասին. «Մենք հիմա ինտենսիվ աշխատում ենք՝ ԵԽԽՎ բոլոր պատվիրակներին ներկայացնելու իրականությունը»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ այս պահին պետք է զորակցել զոհվածների ծնողներին, կանգնել նրանց կողքին. «Մեր զինվորներն իրենց երիտասարդ կյանքով արժանապատվորեն պահել են մեր հայրենիքը: Նրանք բոլորը սրբացել են»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նկատեց՝ այն, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից, անսպասելի չէր, նորություն չէր, քանի որ Բաքուն կրկին գերագնահատել է իր ուժերը ու փորձելու է նորից քայլեր անել: Նա հայտարարեց, որ Սփյուռքը եւս ՀՀ կողքին է: