Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տ. Մուկուչյանն ու Գ. Հարությունյանը՝ քաղաքական դպրոցի ուսուցիչներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ashotyan

ՀՀԿ խորհրդի անդամ Աշոտ Աղաբաբյանը Հանրապետականի քաղաքական դպրոց բացելու որոշումն անվանել էր դիկտատուրայի արարք, որը բնորոշ էր խորհրդային համակարգին: Նրա դեմ պատժամիջոցների մասին Արմեն Աշոտյանը լռում է ժպիտով. «Պետք չէ զարմանալ, որ կուսակցության ներսում կա բազմակարծություն»: Պարոն Աղաբաբյանը հարազատ կուսակցության ղեկավարներին առաջարկում է՝ գուցե սկսեք կուսակցական մանկապարտեզնե՞ր բացել. «Կարծում եմ, որ մեր հարգարժան գործընկեր պատգամավորի հումորը դուք չեք գնահատել»: Կրթության նախկին նախարարից լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի սովորողների հետ իրենց կուսակցական փորձը կիսեն Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, Սեյրան Սարոյանը եւ Հանրապետական այլ ինտելեկտուալ դեմքեր: Գուցե նաեւ ուսանե՞ն. «Ոչ դասավանդելու են, ոչ ուսանելու են»: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի համար գուցե բացառություն արվի եւ նրանք դասավանդեն, հատկապես ընտրությունների ժամանակ ակտիվացող այս մարդիկ փորձ ունեն կիսելու. «Եթե իրենք ունենան համապատասխան ժամանակ, բնականաբար, մենք կարող ենք հրավիրել»։ Դպրոցի հնարավոր ղեկավար Արմեն Աշոտյանի համար կրթական այս գործը նոր աշխատատեղ չէ, ինքն արդեն աշխատանք ունի. «Եվ երգեր եմ գրում, եւ հեռուստաշոու վարում, եւ ՀՀԿ փոխնախագահ եմ»: ՀՀԿ քաղաքական դպրոցի ուսանողներն, ըստ պարոն Աշոտյանի, ընտրությունների ժամանակ կքվեարկեն ըստ իրենց խղճի, ոչ թե կուսակցության վերնախավի պահանջով։ Ի դեպ, Արմեն Աշոտյանի ասուլիսն ընթանում էր այն դահլիճում, որտեղ անցյալ տարվա փետրվարին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքն է արգելել իր կուսակցությանը Գագիկ Ծառուկյանին անվանել Դոդի Գագո: