«Ղեկավար դիրք գրավելը չպետք է լինի ընտանիքի հաշվին». Շ. Դոյդոյան (տեսանյութ)
ԱՄՆ դեսպանության՝ կանանց մենթորական ծրագրի չորրորդ ամենամյա շրջափուլը բացված է: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կինը՝ Լի Քարթերն այսօր անձամբ ազդարարեց ծրագրի մեկնարկը: 61 կին մենթորներ՝ տարբեր ոլորտի կայացած պրոֆեսիոնալներ, իրենց խորհուրդներով ու փորձով կօգնեն տարբեր բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի 62 ուսանողուհու, այս դեպքում՝ մենթիների: Ծրագիրը նախատեսում է, որ մենթորները մեկ տարվա ընթացքում պետք է պարբերաբար հանդիպում են իրենց մենթիների հետ, խորհուրդներ տան նրանց, կիսվեն իրենց փորձով: Կազմակերպիչներն ասում են, որ մենթորը կարող է մասնագիտական գիտելիք չփոխանցել, կարեւորը կյանքի փորձն է: «Կանանց և երիտասարդների աջակցման և զարգացման կենտրոնի» նախագահ Հասմիկ Սահակյանը երկու տարի առաջ է միացել ծրագրին, որպես մենթոր, այնուհետև ԱՄՆ-ում անցել է փորձաշրջան և համոզվել՝ ամերիկյան հասարակության մեջ մենթորինգի նշանակության կարեւորությունը «Այս ծրագիրը կոչված է ապացուցելու, որ մենթորինգը տեղ ունի հասարակության մեջ եւ այն հատկապես կարեւոր է երիտասարդ աղջիկների եւ կանանց աջակցման համար: Երբեմն մենք ունենում ենք հարցեր, եւ չենք կարողանում պատասխանները գտնել, շատ լավ է, երբ լինում է կողքիդ մարդ, որ կկիսվի իր խոհերով ու ճիշտ խորհուրդներ կտա»: Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը իր մենթիների հետ աշխատելով մեկ կարեւոր խորհուրդ է միշտ տալիս՝ կինը երբեք չպետք է ընտրություն կատարի ընտանիքի ու աշխատանքի միջեւ, հաջողության ու երեխաների միջեւ. «Պետք է ընդհանուր արդյունք լինի, մեկը մյուսով համադրելով՝ պետք է հասնել հաջողության, ղեկավար դիրք գրավելը չպետք է լինի ընտանիքի հաշվին: Իմ խորհուրդն է այն ուսանողներին, որոնք ուզում են առաջ գնալ, երբեք չանեն դա ընտանիքի հաշվին: Իմ փորձը դրական փորձ կարող է լինել՝ հասկանալու, որ կարելի է ունենալ 4 զավակ, զբաղեցնել բարձր պաշտոն, և ժամանակ գտնել կամավորության համար»: Ծրագրում, որպես մենթի, կարող են մասնակցել տարբեր բուհերի 3-4 կուրսի եւ մագիստրատուրայի ուսանողուհիներ: Իսկ մենթորները ընտրվում են տարբեր ոլորտների ու մասնագիտության՝ կյանքի հաջող փորձ ունեցող կանայք: