Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակարան քաղաքացուն՝ առանց սեփականության իրավունքի (տեսանյութ)

Հասարակություն
Artem-nkarrrr

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ  կայացավ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայությունների, մանկատների շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվության ծրագրերի հաշվետվությունների ներկայացումը։ «Միշտ ունեցել ենք ամենատարբեր խնդիրներ՝ ծրագրերի արդյունավետության և որակի հետ կապված։ Եվ մեր հիմնական թերությունը եղել է որակական ցուցանիշների բացակայությունը, որով կկարողանանք գնահատել՝ իսկապե՞ս իրականացվող ծրագրերն իրենց նպատակին ծառայում են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ «Ա1+»-ի հարցին, թե երեխաներին խնամքի կենտրոններից ընտանիքներ տեղափոխումն ինչպե՞ս պետք է իրականացվի, եթե այդ ընտանիքները սոցիալական խնդիրներ ունեն, նա նշեց. «Այդ պատճառով կենսաբանական ընտանիքների համար աջակցության ծրագրեր պետք է իրականացվեն՝ նրանց կարողությունները հզորացնելու նպատակով։ Բացի այդ, սոցիալական աշխատողների ինստիտուտը պետք է սկսի լիարժեք գործել»։ Իսկ մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու հարցով նախարարը շեշտեց. «Մինչև 2014 թվականն ունենք 230 մանկատան շրջանավարտ, որոնց կարիքների գնահատումն իրականացված է։ Բնակարաններով ապահովելու հարցով էլ աշխատանքներ տարվում են»։ Նախարարության Ժողովրդագրության զարգացման 2016-2018 ազգային ծրագրի նախագծի մի բաղադրիչը քաղաքացիների բնակարանային ապահովությունն է։ «Խոսում ենք հասարակության այն շերտերի մասին, որոնք սոցիալական բնակարանային ֆոնդի շահառու կարող են դառնալ»,-մանրամասնեց պարոն Ասատրյանը։  Արդյո՞ք կանխավճար պետք է տան քաղաքացիները. «Հարցադրումը մի փոքր արհեստական եմ համարում։ Դա պետության կողմից համապատասխան բնակարանային ֆոնդ ձեռք բերելու, կառուցելու միջոցով դա ձևավորելն է։ Եվ պետությունը, բնականաբար, դա տրամադրում է քաղաքացիներին։ Բայց այդ  բնակարանը սեփականության իրավունքով չի լինում։ Սակայն հնարավորություն է ընձեռվում քաղաքացուն կատարել վճարում, որպեսզի բնակարանն իր սեփականությունը դառնա»։