Խախտումներ և աշխատանքից ազատում
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 8 դեպք: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ հասարակական կարգի պահպանության ծառայության 2 աշխատակից ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու համար ազատվել է աշխատանքից, իսկ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության համայնքային 1 ծառայողի նկատմամբ էլ կիրառվել է կարգապահական նկատողություն: Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում վերջնականապես կարգաբերվել է էլեկտրոնային կարգով քաղաքաշինական փաստաթղթերի համար նախատեսված դիմումները ներբեռնելու գործընթացը: Հանձնարարվել է գործընթացի իրազեկման հարցում լինել առավել ակտիվ: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 1 դեպք է արձանագրվել: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 2 կրպակ: Հանձնարարվել է խստացնել հսկողությունը հատկապես բակային տարածքներում և գետնանցումներում ապօրինի առևտրի դեպքերը կանխելու ուղղությամբ: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 71 վարչական արձանագրություն է կազմվել: Այս ուղղությամբ «Սանիթեք» ընկերությանը և համապատասխան ծառայություններին հանձնարարվել է աղբահանությանը զուգահեռ, ուշադրության կենտրոնում պահել նաև սանիտարական մաքրման աշխատանքները: «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրի հետ կապված զեկուցվել է, որ վարձակալի հետ քննարկվել է տվյալ հատվածի վերակառուցման ծրագիրը, կազմվել են 4 էսքիզային նախագծեր, որոնք առաջիկա օրերին կներկայացվեն հանրային լայն քննարկման: