Կինը՝ ասֆալտին. պայքարի նոր մեթոդ (տեսանյութ)
«Հայ կանանց ճակատ»-ը բողոքի տարբեր ակցիաներով պահանջում է ազատ արձակել քաղաքական հայացքների համար ազատությունից զրկվածներին։ «Անարդարության դեմ պայքարը կարող է ընդունել տարբեր ձևեր և դրանք բոլորն էլ օրինական են ու ընդունելի»,- ասում է ճակատի անդամներից Նառա Բադալյանը։ Նրանք հիշեցնում են՝ հայ կինը միշտ էլ եղել է տղամարդու կողքին, պարզապես պայքարը հիմա ոչ թե արտաքին հակառակորդի դեմ է, այլ հանուն քաղաքական իրավունքների։ «Բոլոր ճակատներում կանայք եղել են և ոչ միայն։ Դարերի ընթացքում՝ մեր թագուհիները, իշխանուհիները բոլոր պայքարներում եղել են առաջին գծում առաջամարտիկ»,- ասում է Նառա Բադալյանը։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին բողոքի ակցիան առանց միջադեպի չանցավ։ Ոստիկանները ուժ կիրառեցին՝ քաղաքացիներին փողոցից հեռացնելու համար։ «Հայ կանանց ճակատ»-ի անդամ Ռուզաննա Եղնուկյանը բաց վնասվածք ստացավ։ Ի զորակցություն Ռուզաննայի և ընդդեմ ոստիկանական բռնությունների՝ Ազատության հրապարակում մինչեւ ապրիլի 7-ը ստորագրահավաք է իրականցվում: Արդեն 300 ստորագրություն Է հավաքվել։