Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվրոպան դարձավ իր արժեքների պատանդը» (տեսանյութ)

Քաղաքականություն
arabaget

Ահաբեկչությունը չունի ոչ կրոն, ոչ լեզու, ոչ էլ ազգություն. բոլոր պետությունները կամա թե ակամա ներքաշված են այս՝ սահմռկեցուցիչ հետեւանքներ ունեցող երեւույթի մեջ: «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչություններին՝ ասաց արաբագետ Գոռ Գեւորգյանը. «Սա առաջին հերթին հայտնի մուլտիկուլտուրալիզմ տեսության վախճանն է, եւ, ըստ էության, դեռեւս 1920-ականներին մատնանշած հայտնի հեղինակ Օսվալդ Շպենգլերի  «Եվրոպայի մայրամուտը» տեսության դրսեւորումն է: Այսինքն, Արեւմտյան Եվրոպայի երկրները եւ հատկապես նրանք, որոնք հանդիսանում են ժողովրդավարության հասարակական արդիականացման գործընթացի լոկոմոտիվը, չկարողացան ինտեգրման ու հասարակական ներդաշնակության խնդիրն իրենց մեջ լուծել. իրենք դարձան իրենց կիսաարժեքների պատանդը»: Ըստ նրա՝ Եվրոպան իր՝ եղբայրության, հավասարության, անկախության գաղափարների շրջանակներում բացեց դռները բոլոր ցանկացողների, այդ թվում՝ նրանց, որոնք նախկինում հանդիսացել են հենց այդ պետությունների գաղութները. «Այդ մարդկանց ներգրավելով հենց իր բնիկ հասարակության մեջ՝ Եվրոպան չկարողացավ ապահովել այդ ինտեգրացման կամուրջները: Քիչ տեղեկացված մարդիկ միանգամից կսկսեն մտածել, որ նրանք Մերձավոր Արեւելքից ներգաղթածներն են. իրականում այս մարդիկ Եվրոպայում ծնված ու կրթություն ստացածներն են, որոնք այդպես էլ չդարձան եվրոպական արժեքների կրողը: Այն բնածին, նրանց փոխանցված պատկերացումները, ապա՝ նրանց նկատմամբ տարված աշխատանքը շատ ավելի ուժեղ գործոն է եւ գրավական մահմեդական  հատվածի համար, քան եվրոպական այն գաղափարական հենքը, որ, ըստ էության, նրանց պետք է մատուցվի»: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Պակիստանում, երբ «Թալիբան» շարժման ահաբեկիչ-մահապարտի պայթյունի հետեւանքով մանկական խաղահրապարակում մահացավ  69, վիրավորվեց 280 մարդ, արաբագետի համոզմամբ՝ սա եւս մեկ անգամ ազդանշան է, որ հասկանանք՝ այս գործողության տեսակը քանի գնում, այնքան ուժգնանում է. «Ամբողջ նպատակն այն է, որ ավելի սերմացնեն այն գաղափարները, որոնք մենք ասում ենք, որ վտանգավոր են, բայց հասարակ մահկանացուի համար պոպուլյար: Ավելի հեշտ է ամբոխը հանել ինչ-որ մի բանի դեմ, քան մարդկանց համոզել, թե որն է այստեղ ճիշտ ընտրությունը»: Թե ինչու են ահաբեկիչներն այս անգամ որոշել իրենց գործողություններն իրականացնել քրիստոնեական տոնակատարության՝ Սուրբ Զատիկի շրջանում, երբ նախկինում անգամ մահմեդական աշխարհում համընդհանուր խաղաղություն էր հայտարարվում, Գոռ Գեւորգյանը դա ավելի շատ աղմուկ բարձրացնելու միտում է համարում. «Այսպիսով ավելի շատ ուշադրություն կբեւեռի այն մարդկանց հարցին, տվյալ դեպքում ահաբեկիչների այս կամ այն թեւի: Մյուս կողմից էլ սա ավելի շատ վախի հիմք կհանդիսանա, քանի որ ահաբեկչության հիմնական նպատակը վախի տարածումն է, որի միջոցով այս կամ այն կառույցն իր նպատակը պետք է իրականացնի: Սակայն ինչպես ասում է Շեքսպիրը՝ բռնարարքով սկսվող ցանկացած բան բռնարարքով էլ կվերջանա: Եւ, ի վերջո, սա երկկողմանի խնդիր է՝ որքան ուժեղ խփում ես զնդանին, այնքան ուժեղ ձայնն արձագանքում է հենց մուրճին: Դրա համար եւ խփողը, եւ կրողը պետք է հասկանան, որ սա երկուստեք լուծելու խնդիր է, չի կարող ոչ մի պետություն այս հարցը կարգավորել»: Ըստ նրա՝ այս ահաբեկչությունները գաղափարական ճգնաժամի արդյունք են. «Աշխարհահամակարգը հիմա թեւակոխել է զարգացման մեկ այլ փուլ, որը բնորոշվում է որպես քաոտիկ իրավիճակ, որտեղ վերադասավորում է գնում եւ նոր ուժային հարաբերակցության ձեւավորվում»: