20 հազար սովետական ռուբլի ավանդի դիմաց` 5-6 մլն դոլար
Երեւանաբնակ Սերգեյ Ղազարյանի ծնողները դեռ Խորհրդային տարիներից ԽՍՀՄ պետական Խնայդրամարկղում ունեն 20 հազար սովետական ռուբլի ավանդ՝ հոր անունով՝ 14 հազար սովետական ռուբլի, մոր անունով՝ 6 հազար: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ ցանկանում է ստանալ ամբողջ գումարը, որն, ըստ նրա, այսօրվա փոխարժեքով հաշվարկած կազմում է շուրջ 5-6 մլն ԱՄՆ դոլար: Պարոն Ղազարյանը պատմեց, որ դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն որոշ ժամանակ անց իր հարցն ուղղվել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն. «Ինձ նախարարությունից պատասխանեցին, որ ես իրավունք չունեմ այդ գումարը ստանալու, քանի որ ժառանգորդ չեմ, լիազորություն չունեմ, ձեր մայրը ողջ է ու միայն նա կարող է ստանալ այդ գումարը: Իսկ նրանց առաջարկած գումարի չափը կազմելու է ընդամենը 300 հազար դրամ՝ որպես փոխհատուցում: Սա Քաղ.դատ-ի 106-րդ հոդվածի 2-րդ մասով սա հակասահմանադրական քայլ է: Նախարարությունն, ապա, թղթերս ուղարկել է «Փարոս» ծրագրին»: Սերգեյ Ղազարյանի վստահեցմամբ՝ իր մայրը ամբողջ ավանդը՝ հոր անունով եղածը եւս, կտակել է իրեն՝ ունի նոտարով հաստատված համապատասխան փաստաթուղթ, լիազորագիր, որ ինքն է մոր ներկայացուցիչը, ժառանգորդը ու ինքը պետք է ստանա բոլոր այդ գումարները: Նա դիմել է առաջին ատյանի դատարան, սակայն նրա տպավորությամբ՝ ընդամենն անիմաստ ժամանակ է ձգձգվում. «Օրինակ՝ փոխվել է իմ գործը քննող դատավորը՝ Գագիկ Խանդանյանը, որն այժմ Արդարադատության խորհրդի անդամ է: Նրան փոխարինելու է դատավոր Արայիկ Մելքումյանը, որն էլ գործը դեռ պիտի ուսումնասիրի: Գիտեք՝ խնդիրը որն է՝ եթե ես շահեմ դատը, ես դառնում եմ նախադեպ, ու ստացվում է՝ ով դիմի նման հարցերով դատարան, նա կշահի դատն ու կստանա իր գումարները: Դրա համար էլ ձգձգում են իմ գործի քննությունն ու ամեն ձեւով արգելում»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հավելյալ պատճառաբանություն չկարողացավ տալ, քանի որ հարցի քննությունը գտնվում է դատական գործընթացում: