Հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 13 երեխա
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուրացկանությամբ զբաղվող, թափառաշրջիկ անչափահասների խնդիրների հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Վերջին տվյալներով՝ 2016 թվականի փետրվարին հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 13 երեխա: Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշել է, որ ոստիկանության հետ համատեղ պարբերաբար տնայցեր են կազմակերպվում, բացատրական աշխատանքներ են տարվում ծնողների հետ: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն իր հերթին, արձանագրելով քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ ակտիվ ու արդյունավետ աշխատանքը, նկատել է, որ, ցավոք, մայրաքաղաքում խնդիրը շարունակում է մնալ արդիական: Հանդիպման ընթացքում ներկայացնելով մինչ օրս մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների հետ տարված աշխատանքները՝ մասնավոր դեպքերի օրինակներով քննարկվել են նաև խնդիրների լուծման նոր մոտեցումների կիրառման հնարավորությունները, օրենսդրական դաշտում կարգավորումների անհրաժեշտությունը: Արված առաջարկներն առաջիկայում կուսումնասիրվեն առավել մանրամասն՝ մուրացիկ անչափահասների խնդիրների կարգավորման աշխատանքներում ներառելու նպատակով: