«Մարդիկ անձնական տվյալների պահպանությամբ մտահոգված չեն»
«Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում. հատվածային կարգավորումներից դեպի ռազմավարություն» միջազգային սեմինարին այսօր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ մեր երկիրն այս ոլորտում ունի իր առանձնահատկությունները. «ՀՀ քաղաքացիների մեծ մասն իր անձնական տվյալների պահպանությամբ ընդհանրապես մտահոգված չէ, թեեւ կիբեր հանցագործությունները հենց անձնական տվյալներին են վերաբերում: Նույնիսկ պետությունը երկար ժամանակ մտահոգված չի եղել. Խորհրդային տարիներն անձնական տվյալների պաշտպանությունը լրիվ այլ կերպ էր ընկալվում՝ հանրությունն ուղղակի իրազեկ չէր, թե որքանով է սա կարեւոր»: Այսօր, ըստ նրա, ունենք արդեն համապատասխան կառույց՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որը, սակայն, դեռ նոր է: Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ՀՀ-ն տարիներ շարունակ հանդիսանում է մի երկիր, որի բնակչության համակարգիչների վարակվածության տեսանկյունից առաջնայիններից է. «Երեք համակարգչից երկուսը վարակված են: Բնակչության մեծ մասը կամ համակերպվում է դրա հետ, քանի որ այդ առումով մեծ վտանգ չի տեսնում: Մենք տեղից չենք շարժվել, երբ աշխարհը շարժվում էր առաջ ՏՏ ոլորտում: Մեզ մոտ գործում է ինքնակարգավորումը, երբ հանրությունն իր սխալների վրա է կրթվում: Գնալով նվազում են դեպքերը, երբ համակարգիչների վրա համացանցից հարձակումների թիվը նվազել է: Ինքնակարգավորումը, իհարկե, մեթոդ է, սակայն դա տարիներ է պահանջում, մինչդեռ հնարավոր էր մի քանի ամսում լուծել առկա խնդիրները: Իսկ որտեղի՞ց են ծագում այդ խնդիրները, կարծում եմ՝ առաջնահերթ կրթության պակասից»: Ըստ նրա՝ որքան մեծ է մարդու տարիքը, այնքան նա դժվարությամբ է ընկալում ՏՏ-ն. «Կա պահանջ ավելի համակարգված պետական մոտեցման»: Քննարկման մասնակից ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության բաժնի պետի տեղակալ Արսեն Գաբրիելյանն էլ նշեց, որ կիբերհանցագործությունները վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը, հատկապես որոշ պետությունների կողմից հատուկ վնասաբերությամբ ուղղված հարձակումները. «Տեղեկատվական բազաների վրա հարձակումները պետական ու հանրային լայնամասշտաբ միջոցառումների ժամանակ են հիմնականում տեղի ունենում: Անցած տարի շուրջ մեկ միլիոն հաքերային հարձակում է խափանվել, որոնցից մի քանի հարյուր հազարը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների ժամանակ»: