«Օբամայի այցը ուղղակի ծաղրանք է». երեւանաբնակ կուբացի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատմական այցը Կուբա քննարկման առարկա է նաեւ Երեւանում։ Կուբացի Լուիս Գուերան , որը գրեթե երեք տարի է՝ Հայաստանում է բնակվում և ակումբներում կուբայական երգեր կատարում, ասում է. « Ես սոցիալիստ չեմ, սխալ կարծիք չկազմեք, ոչ էլ Կաստրոյի կողմնակիցն եմ, բայց Օբամայի այցը ուղղակի ծաղրանք է: Դա ձևական բնույթ է կրում: Նա ո՝չ հետաքրքրված է Կուբայի ազատությամբ, ոչ էլ պաշտպանում է կուբացիների իրավունքները, որ շարունակական խախտվում են: Դա ուղղակի քաղաքականություն է, ոչ ավելին»: Կուբացի պարուսույց Ջիորդանո Դուբերգերին ուրախացրել է Օբամայի այցը։ « Ես կարծում եմ , որ դա շատ դրական և պատմական իրադարձություն է»,- ասում է Ջիորդանոն: Նա անկեղծանում է`ասելով, որ իր ամբողջ կյանքում ատել է և հեռու է մնացել քաղաքականությունից: « Քաղաքականությունը տանջում և վնասում է մարդկանց: Միակ բանը, որ ցանկանում ենք մենք՝ կուբացիներս, խաղաղությունն ու սերն է», -ասում է Դուբերգերը: 1928 թվականից հետո սա ԱՄՆ-ի նախագահի առաջին այցելությունն է Կուբա: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները ընդհատվել էին 1961 թվականին: Կուբայի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները վերացնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի որոշումը: