Թեժ գիծ՝ Բելգիայում ՀՀ քաղաքացիների համար
Բրյուսելում ահաբեկչությունից տուժած ՀՀ քաղաքացիների համար թեժ գիծ է գործում +32.2.3484406. այս մասին հաղորդում է Բելգիայում ՀՀ դեսպանատունը ՝ ֆեյսբուքյան էջում։ Օդանավակայանում գտնվող ընտանիքի անդամների կամ ընկերների վերաբերյալ հարցումները համար պետք է զանգահարել վերոնշյալ հեռախոսահամարով։ Բրյուսելի օդանավակայանից բոլոր չվերթները դադարեցվել են մինչև օրվա վերջ: Դեսպանատունը կոչ է անում խուսափեք օդանավակայանի շրջակայքից: Ֆեյսբուքյան գրառումներից իմանում ենք, որ Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցները մի քանի օրվա ուտելիքի պաշար են կուտակել տանը, որովհետեւ նույնիսկ խանութներն են փակվել։ Հիշեցնենք, Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսել էին մեկնել «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Թևան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը և Վահե Էնֆիաջյանը: Բրյուսելում է ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Թեւան Պողոսյանը, իրենց աշխատանքները բնականոն հունի մեջ են։