Ըստ պաշտպանների՝ դատավորը հոգեբուժական օգնության կարիք ունի (տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստն այսօր էլ հարթ չընթացավ։ Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացնում Նելլի Բաղդասարյանին՝ նշելով, որ դատավորն անաչառ չէ, ինչպես նաև կարիք ունի հոգեբուժական օգնության։ «Մեզ մոտ և այս ամենի ականատեսների գերակշիռ մասի մոտ իսկապես կասկածներ են առաջացել Ձեր հոգեկան առողջության վերաբերյալ»,- հայտարարեց փաստաբան Տիգրան Եգորյանը։ Մինչդեռ դատավորն ընդհատեց Եգորյանի խոսքը՝ նշելով, որ ոչ ոք իրավունք չունի նման բառերով հանդես գալ։ Այնուհետ դատավոր Նելլի Բաղդասարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբանների հարցով Փաստաբանների պալատ դիմելու համար։ Փաստաբանները մեկ այլ գործով դատական նիստի պետք է մասնակցեին, ուստի և գնացին դատարանից։ Գասպարին էլ առանց իր պաշտպանների ներկայության հրաժարվեց մասնակցել նիստին և նույնպես լքեց նիստերի դահլիճը։ Դատավոր Նելլի Բաղդասարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության, ինչպես նաև փաստաբանների վարքագծին գնահատական տալու համար։ Ըստ նրա՝ Գասպարիի պաշտպաններն առանց իրեն տեղյակ պահելու էին հեռացել նիստերի դահլիճից, սակայն երեկ պաշտպանը նախապես հայտնել էր, որ այսօր ժամը 12։00-ին դատական նիստի է մասնակցելու։ Դատավոր Նելլի Բաղդասարյանը 1 ժամից կվերադառնա խորհրդակցական սենյակից՝ որոշումը հրապարակելու։