«Իր զենքերը Ռուսաստանը փորձարկեց Սիրիայում» (տեսանյութ)
«Սիրիան արժեք չէ Ռուսաստանի համար»,-վստահ է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Այս շրջանում, ըստ նրա՝ Ռուսաստանը կատարեց իր առջև դրված առաջադրանքները Սիրիայում, այդ իսկ պատճառով այնտեղից մասնակիորեն դուրս եկավ՝ հանելով զորքերը։ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի համար անսպասելի չէր Ռուսաստանի քայլը։ «Սա պատահական չէր, քանի որ ազդանշաններ կային։ Եվ այստեղ զուտ ռազմական խնդիր չէր։ Ռուսաստանը վերադարձավ Մերձավոր Արևելք, և սա ամենակարևորն էր իր համար։ Այդ երկիրը ռազմական գործողությունները կարողացավ դնել դիվանագիտական հարթության վրա»,-նշեց նա։ «Ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելու պատճառը, թերևս, այն էր, որ ինչ-որ հարցեր Ռուսաստանը կարողացավ լուծել, որոշներն էլ՝ ոչ։ Ժնևյան բանակցությունների գործընթացում նա այժմ ակտիվ միջնորդի դերում է, իսկ իր դեմ՝ Ուկրաինայի հարցով, կիրառվող պատժամիջոցներից այդ երկիրը չկարողացավ ազատվել»,-շեշտեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Բացի այդ, նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մինչ Սիրիա մտնելը լավ հասկանում էր, որ իր ռեսուրսներն անսահման չեն։ Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ վստահ է, որ Ռուսաստանին այդպես էլ չհաջողվեց դառնալ գլոբալ խաղացող՝ գերտերությունների շարքում։ «Ինչո՞ւ Ռուսաստանը դուրս եկավ. ես չգիտեմ։ Վեց ամսվա ընթացքում 0,5 մլրդ դոլար ծախսվեց այդ երկրի կողմից։ Այդքան պետք է ծախսվեր զենքերի փորձարկման համար, դա Ռուսաստանը փորձարկեց հենց մարտադաշտում»,-ասաց նա։ Պարոն Իսկանդարյանը շեշտեց, որ պատերազմն, այդուհանդերձ, շարունակվելու է և այն ուրիշ երկրներ են «տանելու»։ Այս համատեքստում սիրիահայերի հարցն ավելի է ահագնանում, սակայն այս առումով Արման Նավասարդյանն առանձնապես մեծ հույսեր չի էլ կապում։ «Սիրիահայերի հարցն այնպես փչացավ, որ այլևս լավ բան չեմ սպասում»,-նշեց նա։