854 հազար անձի վերաբերյալ չկա անձնագրային բազա
Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ՝ ԱԺ խմբակցությունների անդամների հետ: Հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցերը բազմաթիվ էին. «Ինչո՞ւ եք դեմ ընտրացուցակների հրապարակմանը, սկզբունքային հարց է ԶԼՄ-ների սահմանափակման հարցը, ես կարծում եմ, որ այդ սահմանափակումը պետք է հանվի, թողնվի նախկինը: Մինչեւ 2008թ. քանի՞ անձնագիր է տրվել: Չե՞ք կարծում, որ կուսակցությունները պետք է ունենան երկու վստահված անձ: Ո՞ր դեպքում է քվեաթերթիկը համարվում անվավեր: Ինչո՞ւ եք որոշել չծալել քվեաթերթիկը»: Ներկա պատգամավորներն ընդվզեցին, որ յուրաքանչյուրը մեկ հարց տա, քանի որ քննարկումը այդպիսով կձգձգվի: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ԶԼՄ-ների հետ կապված հարցը բացարձակ լուծում չունի՝ ամբողջովին հանել կետը. «Քանի որ ընտրությունների նախօրյակին ստեղծվում են արհեստական ԶԼՄ-ներ: Մենք պատրաստ ենք ցանկացած ողջամիտ առաջարկ լսել»: Ինչ վերաբերում է մինչեւ 2008թ. անձնագրային էլեկտրոնային բազայի բացակայությանը, ապա Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ 1998թ. սկսած 854 հազար անձի վերաբերյալ չկա բազա: «Դե ասեք՝ վերջ էլի»,- արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը: «Սա չի նշանակում վերջ. վստահված անձինք կարող են մոտենան ու ստուգեն: Հիմա ինչ անենք՝ սա է մեր երկրի իրավիճակը»,- արձագանքեց Դավիթ Հարությունյանը: Այդ պահին ոստիկանության ներկայացուցչին է մոտենում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, զրուցում նրա հետ, որից հետո ոստիկանության ներկայացուցիչը հայտարարում է, որ դա ընտրողների թիվը չէր, այլ անձանց ընդհանուր թիվը: Սակայն այս բացատրությունը չբավարարեց ներկա պատգամավորներին ու մի պահ քննարկումն անվերահսկելի դարձավ: