Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդեն տրամադրվել է 2034 վարկ՝ բնակարանների համար (տեսանյութ)

Հասարակություն
arsen-qaramyan

«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովվելու» ծրագրում փոփոխություններ են կատարվել: Բարձրացվել է տարիքային շեմը՝ 60-ից դառնալով 65: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Սպորտի եւ Երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, Կառավարության նախկին որոշմամբ սահմանված գույքի առավելագույն 16 մլն դրամ արժեքի փոխարեն, նոր փոփոխությամբ սահմանվում է 25 մլն դրամ: «Նախկինում, եթե 16 մլն դրամի գույքի դեպքում կառավարությունը պատրաստակամ էր 11, 2 մլն դրամի չափով վարկավորել, այսինքն` ձեզ մնում էր վճարել 30 տոկոս, ապա այս դեպքում կատարված փոփոխությամբ ստացվում է, որ կառավարությունը իր վրա է վերցնում 17,5 մլն դրամի չափով վարկային ռեսուրսի տրամադրում»,- ասաց նա: Նա համոզված է՝ աշխուժություն կնկատվի, որովհետեւ այն մարդիկ, ովքեր դիմել էին եւ տարիքային սահմանափակման պատճառով եւ նաեւ անշարժ գույքի շուկայում հնարավորություն չի եղել ձեռք բերել համապատասխան գույք, այդ մարդիկ կրկին հնարավորություն կստանան դիմել եւ դրական վարկունակություն ունեցող մարդիկ կկարողանան օգտվել այդ ծրագրից: «Բնակարանների ձեռքբերման տոկոսադրույքը Երևանում կկազմի 8-9, մարզերում՝ 6-7%՝ կախված այդ պահին Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշներից»,- նշեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարը: 25 միլիոն դրամանոց բնակարան ձեռք բերելու դեպքում եկամուտների շեմը պետք է լինի 350-370 հազար դրամի սահմաններին, իսկ նվազագույն արժեքով բնակարաններ ձեռք բերելու համար՝ 200-220 հազար դրամի: Ամփոփելով արդյունքները՝ Արսեն Քարամյանը նշեց, որ ծրագրի մեկնարկից մինչեւ հիմա տրամադրվել է 2034 վարկ՝ Երեւանում 966, իսկ մարզերում՝ 1068: Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով մշակվել է 2016-2018 թվականների ազգային ծրագիր: Ծրագրով նախատեսվում է առանց տոկոսների վարկեր տրամադրել՝ բնակարան ձեռք բերելու համար: «Ժողովուրդ ջան, ես չեմ իմանում մի երկիր, որտեղ իրականացվում է վարկավորում եւ չկա կանխավճար: ԱՄՆ-ում նույնիսկ, մինչեւ 50 տարով վարկեր են տալիս, նույնիսկ այդ կարգի պետություններում կա կանխավճար հասկացությունը երեք տոկոս-չորս տոկոս, հինգ տոկոս, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ կանխավճարը ֆինանսական վատ վիճակից է բխում: Կանխավճարը շահառուի պատասխանատվության ամրագրումն է ծրագրի հանդեպ»,- եզրափակեց նա: