«Մատաղիսի» գործով ՀՀ -ը պետք է վճարի 50000 եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մատաղիսի գործով` «Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի» վճիռը։ Դատարանը որոշել է, որ նախկին զինծառայող Արայիկ Զալյանին ՀՀ կառավարությունը պետք է վճարի 20000 եվրո, իսկ մյուս երկու դիմումատուներին՝ 15000 եվրո որպես բարոյական փոխհատուցում։ Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի երեք զինծառայողներ` Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ներկայացուցիչները դիմել էին Եվրադատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի` խոշտանգումների արգելքը և 5-րդ հոդվածի՝ մարդու ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումները ճանաչելու համար։ Դատարանը չի հայտնաբերել ՄԻ Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ (խոշտանգումների արգելումը եւ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք), բայց արձանագրել է նույն հոդվածով նախատեսված իրավունքի խախտումներ, ըստ որի ժամանակին ՀՀ-ում չի իրականացվել արդյունավետ հետաքննություն՝ դիմումատուների՝ խոշտանգումների ենթարկվելու մասին բողոքի հետ կապված։ Դատարանը գտել է նաև, որ Զալյանի դեպքում խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը։ Հիշեցնենք, որ 2005թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց 15 տարվա ազատազրկման էր դատապարտել ` իրենց ծառայակիցներին սպանելու մեղադրանքով: 2006 թվականի մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխել էր ցմահ ազատազրկման, սակայն 2006 թվականի դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննության և պահանջել ազատել մեղադրյալներին: 2012-ի դեկտեմբերին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել էր նրանց։