«Թույլ չեմ տա, որ հանձնաժողովը վերածվի դատարանի» (տեսանյութ)
Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր վարույթ ընդունեց լրագրողական երեք ՀԿ-ների դիմումը՝ ընդդեմ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի: «Մեդիա եւ իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» եւ «Լրագրողների միավորում» ՀԿ-ները պահանջում են նրան պատասխանատվության ենթարկել՝ լրագրողներին վիրավորելու, հայհոյելու համար: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց. «Ընդունեցինք վարույթ, քանի որ մերժման համար իրավական որեւէ հիմք չկար: Որոշումը կկայացնենք երեսուն օրվա ընթացքում, պայմանավորվեցինք, որ անպայման կհրավիրենք կողմերին՝ սկզբից նպատակահարմար գտանք հրավիրել լրագրողական ՀԿ-ներին՝ հիմնավորումներն ու փաստարկները լսելու համար, ապա՝ պատգամավորին»: Իսկ ինչո՞ւ են կողմերը հրավիրվելու առանձին. հարցին պարոն Հարությունյանը պատասխանեց. «Քանի դեռ հանձնաժողովի նախագահ եմ, ես երբեւէ թույլ չեմ տա, որ այս հանձնաժողովը վերածվի դատարանի: Դուք այդ հանգամանքը հաշվի առեք»: Թե ով կնշանակվի զեկուցող, Խոսրով Հարությունյանը նշեց, որ հանձնաժողովի երկու անդամները՝ Թեւան Պողոսյանն ու Հովհաննես Մարգարյանը բացակայում էին. «Նրանց հետ խորհրդակցությունից հետո կորոշենք»: