Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանը Թուրքիային ճնշելու այլ միջոցներ կօգտագործի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Safrastyan-Ruben5

Վերջին  4 ամսվա ընթացքում 5 ահաբեկչություն, որոնցից երկուսը՝ խոշոր։ Անկարայում մարտի  13-ին  տեղի ունեցած պայթյունը  հայ փորձագետները համարում են  Թուրքիայի  ներքին և տարածաշրջանային  քաղաքականության հետևանք։ «Թուրքական իշխանությունների գործողությունները, քաղաքականությունը և շատ դեպքերում նաև արկածախնդրությունը հասցրեցին այն վիճակին, ինչն այսօր կա Թուրքիայում, և ահաբեկչությունները փաստորեն դրանց պատասխանն էին»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Օրեր առաջ Թուրքիայում  ԱՄՆ  դիվանագիտական առաքելությունը նախազգուշացրեց հնարավոր  հարձակման մասին, բայց Թուրքիայի իշխանություններն  այն  կանխելու ուղղությամբ քայլեր չձեռնարկեցին։ Այս համատեքստում Լևոն Հովսեփյանը ընդգծում է. «Կա միտում կարծես, որ թուրքական իշխանություններին սա որոշակիորեն ձեռնտու է: Չեմ ասում, որ սա  միանշանակ կազմակերպված է պետության կողմից, բայց միգուցեև հենց կանխարգելելու մասով  Թուրքիայի իշխանությունների համար սա որոշակի լծակներ է ապահովում` հետագայում ինչ-ինչ գործողություններ անելու համար»: Թեպետ դեռևս չկա պաշտոնական տեղեկատվություն ահաբեկչության կազմակերպիչների մասին, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով թուրքագետները ենթադրում են՝ պաշտոնական Անկարան ում է մեղադրելու: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ քրդական կազմակերպությունները հերթական անգամ կդառնան թիրախ: «Ես չեմ բացառում, որ այս ցավալի ահաբեկչական գործողությունը կօգտագործվի Էրդողանի կառավարության  կողմից  թուրքական զինված ստորաբաժանումները Իրաք կամ Սիրիա մտցնելու կամ ագրեսիվ նոր գործողություններ ձեռնարկելու առումով»,-ասաց նա: Մարտի 15-ին Ադրբեջանում նախատեսված է նաև Էրդողան-Ալիև հանդիպումը, որը հավանաբար,  կհետաձգվի արդեն երկրորդ անգամ: Այս համատեքստում Լևոն Հովսեփյանը նշում է, որ անտրամաբանական և քաղաքական գործընթացներից դուրս է թուրքական մամուլի այն պնդումները, թե  այդ այցը դեմ է Ռուսաստանի շահերին և  ռուսական որոշ ուժեր  շահագրգռված են, որպեսզի այդ այցը չկայանա: «Թուրքական մամուլը փորձում է այստեղ ինչ-ինչ հետքեր գտնել և սլաքները ուղղել դեպի Ռուսաստան, փորձելով ցույց տալ, թե  Էրդողանի այցը Ադրբեջան հակասում Ռուաստանի շահերին: Ես սա անհիմն եմ համարում»: Անկախ ռուս-թուրքական լարված հարաբերություններից, թուրքագետները  քիչ հավանական են համարում Ռուսաստանի ներգրավվածությունը ահաբեկչությանը: Հատկանշական է, որ օրեր առաջ Ռուսաստանի կառավարությունն ու Գերագույն դատարանը  մերժեցին  Հայոց  ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ  ներկայացված օրենքի նախագիծը: «Չեմ կարծում, որ օրակարգային հրատապություն ունեցող խնդիր էր սա Ռուսաստանում: Կարծում եմ, որ Ռուսաստանը այլ միջոցներ կփորձի օգտագործել Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու  համար»,-համոզված է Ռուբեն Սաֆրաստյանը: Մանրամասները՝ տեսանյութում: