Հայաստանի շախմատիստները «Աերոֆլոտ»-ից մեդալ չստացան
Մոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի պատվիրակները: Ա խմբում հանդես եկած մեր շախմատիստները՝ Տիգրան Լ.Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մ.Մարտիրոսյանը, կարծես ձայն-ձայնի տված, ինը հնարավորից վաստակեցին 5-ական միավոր եւ բաժանեցին 21-36-րդ տեղերը: Բ խմբում լավագույն արդյունք ցույց տվեց միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը, որը 6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ կես բալով ետ մնալով առաջատար եռյակից: Հայաստանի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, վաստակեց 5,5 միավոր եւ բավարարվեց 17-րդ արդյունքով: Գ խմբում հանդես եկած մեր շախմատիստները նույնպես ցածր արդյունքներ ցույց տվեցին: Նրանցից համեմատաբար աչքի ընկավ Արթուր Դավթյանը, որը 5,5 միավորով մրցաշարն ավարտեց 15-րդ հորիզոնականում: