Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նպատակին հասնելու համար խանգարող հանգամանք կա» (տեսանյութ)

Քաղաքականություն
ZARUHI-NKAR

«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, առավելապես՝ ուժերը կկենտրոնացնի Գյումրիի և Վանաձորի քաղաքապետերի ընտրությունների վրա։ «Դեռևս որոշված չեն մեր թեկնածուները, շուտով կիմանաք ձևաչափը։ Մենք իսկապես շատ ենք կարևորում ՏԻՄ ընտրությունները, քանի որ դրանք նախաշեմն են ապագա քաղաքական զարգացումների»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Ըստ նրա՝ Ընտրական օրենսգրքի ներկայացված տարբերակը չի արտացոլում իրենց պատկերացումները։ «Այն, ինչ որ հռչակվում էր՝ համամասնական ընտրակարգ և այլն, ուղղակի հայտարարություններ էին, և մենք նորից նույն արատավոր շրջապտույտի մեջ ենք գտնվում։ Ես չեմ կարծում, թե իրենք ցանկություն ունեն զիջելու, եթե ունենային, գաղտնի չէին պատրաստի մի փաստաթուղթ և ուղարկի Վենետիկի հանձնաժողով՝ առանց քննարկումների»։ Զարուհի Փոստանջյանը հնարավոր է համարում մյուս ընդդիմադիր ուժերի հետ Ընտրական նոր օրենսգրքի շուրջ միասնական մոտեցումներ մշակելը, սակայն չի համարում, որ դրա համար պետք է աշխատանքային խումբ ձևավորել. «Ընդդիմադիրների մոտեցումները հայտնի են և այս ոլորտում տարիներ շարունակ աշխատանքներ արդեն արվել են»։ Նա չի կիսում տեսակետը, թե ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը հակասում է անձնական տվյալների պաշտպանության գաղափարին. «Բացարձակ անհիմն են այդպիսի հայտարարությունները, որևիցե կերպ չի կարող հակասել, որովհետև յուրաքանչյուր անձ, ով գնում է ընտրատեղամաս, արդեն հայտնի է»։ Ազատության հրապարակում դեռ նախօրդ տարվա դեկտեմբերից նստացույց է շարունակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը։ Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ դրված նպատակներին հասնելու համար դեռևս խանգարող հանգամանք կա. «Միայն և միայն պետք է կազմակերպվել, խնդիրը դա է, որը դեռ մեզ չի հաջողվել»։