Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարտային հաշիվներից զգալի գումար են հանել. ԿԲ-ն հաստատում է

Կարևոր լուրեր Տնտեսություն
bank-nkar

Կենտրոնական բանկը հաստատում է հայաստանյան բանկերից մեկում տեղի ունեցած միջադեպի ու դրամական միջոցների արտահոսքի մասին տեղեկատվությունը։ «Կենտրոնական բանկը տեղյակ է ՀՀ բանկերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին, ներկա պահին ուսումնասիրություններ են կատարվում մանրամասները պարզելու համար»,- «Ա1 +»-ին փոխանցում են գլխավոր դրամատնից։ Ըստ ԿԲ-ի տրամադրած նախնական տեղեկատվության՝ խոսքը չի գնում կիբեռհարձակման մասին. «Այլ սահմանափակ թվով հաճախորդների քարտային հաշիվներով զեղծարարության իրականացման մասին»։ ԿԲ-ն չի մանրամասնում՝ որ բանկն է վնասներ կրել և ինչ չափերի։ Նշենք, որ «Առավոտ»-ը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ անցած գիշեր խոշոր հանցագործություն է տեղի ունեցել արտերկրի բանկերից մեկի հայաստանյան մասնաճյուղում։ «Բանկի մի քանի հարյուր հաճախորդների հաշիվներից հաքերային միջամտության հետեւանքով դուրս են բերվել զգալի գումարներ։ Թողնված հաքերային հետքը Ինդոնեզիայից է»: ----- Այսօր առավոտյան բացահայտվել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քիչ քանակությամբ քարտերից (մինչև 200 հատ), երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել են զեղծարարության գործարքներ: Տվյալ գործարքները կատարվել են կարճ ժամանակահատվածի ընթացքում: Բանկը ձեռնարկել է բոլոր համապատասխան միջոցները` հետագա փորձերը կանխվել են: Տեղեկացնում ենք նաև, որ այն հաճախորդները, որոնց մոտ ակտիվացված է SMS հաղորդագրություններ ստանալու ծառայությունը, անհապաղ բոլոր գործարքներով ուղարկվել են SMS հաղորդագրություններ: Համապատասխանաբար, բոլոր հաՃախորդներիը տեղեկացված են իրենց փոխանցումների մասին և եթե հայտնաբերեն գործարք, որը նախաձեռնված չէ իրենց կողմից կարող են դիմել Բանկ` բոլոր առկա միջոցներով` ներկայացնելով համապատասխան դիմում: Այս պահի դրությամբ Բանկը, հաճախորդների դիմումների ընդունմանը զուգահեռ, ինքնուրույն ուսումնասիրել է վերջին մի քանի ժամվա ընթացքում իրականացված գործարքները և արգելափակել է վտանգված քարտերը: Բանկը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ զեղծարարության պատճառը ոչ տեխնիկական բնույթի է, և խարդախությունը իրականացվել է Բանկից դուրս: Բանկի ամբողջ ենթակառուցվածքը գործում է նորմալ ստանդարտ ռեժիմով: Այս դեպքում, ինչպես նաև նմանատիպ բոլոր դեպքերում, եթե բացահայտվի, որ գումարը հաճախորդի քարտից գանձվել է 03.03.2016թ. առավոտյան` զեղծարարության գործարքի արդյունքում, այսինքն՝ նախաձեռնվել է ոչ թե հաճախորդի կողմից կամ իր մեղքով, ապա Բանկը կվերցնի բոլոր ծախսերն իր վրա և կապահովի քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին: ՎՏԲ-Հայաստան