«Պարտադիր չէ, որ ՆԱՏՕ-ն ու Հայաստանը համագործակցեն ռազմական ոլորտում» (տեսանյութ)
«ՆԱՏՕ-ի երկրները մեծ տնտեսական ռեսուրսներ ունեն և կարող են մեծ ներդրումներ գալ այստեղ։ Պարտադիր չէ, որ ՆԱՏՕ-ն ու Հայաստանը համագործակցեն ռազմական ոլորտում»,- ասում է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հրավիրած քննարկմանը։ Ըստ նրա՝ Հայաստանին ու այս կառույցին միավորող շատ գործոններ կան՝ Հայաստանի դավանած արժեքներն ու մենթալիտետը համահունչ են ՆԱՏՕ-ի արժեհամակարգին. «ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս հայտարարեց, որ ունեք մեծաքանակ զենքեր, որոնք չեն համապատասխանում արևմտյան ստանդարտներին ու մենք էլ տեսնում ենք, որ կարող ենք զարգացնել հարաբերությունները հենց այստեղ»։ 2006 թվականից իրականացվել է Հայաստան-ՆԱՏՕ գործողությունների 4 ծրագիր, վերջինը ավարտվում է 2016-ին և արդեն կլինեն բանակցություններ հաջորդ՝ 5-րդ համատեղ գործողությունների ծրագրի վերաբերյալ։ ՀՀ Արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի բաժնի ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանը նշում է. «Հայաստանն արդեն գաղտնազերծել է Հայաստան-ՆԱՏՕ գործողությունների բոլոր 4 ծրագրերը, քաղաքական երկխոսությունը մեզ համար առաջնային է։ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին ու իրականացնում է խորը պաշտպանական բարեփոխումներ»։ Այս օրերին Հայաստանում է ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատու Շտեֆեն Էլգերսման։ Նա հանդիպել է ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, քննարկումների առանցքում եղել է անհատական գործողությունների ծրագիրը։ Պարոն Էլգերսմանը բավարարված է երկու կողմերի հարաբերություններով. «Հաշվի առնելով Հայաստանի չափերն ու առկա մարտահրավերները, բավականին տպավորիչ է ձեր երկրի հետ համագործակցությունը։ Պարոն Օհանյանն ասաց, որ Հայաստանը ցանկություն ունի ունենալ համատեղ շարժական ուսումնական թիմեր»։ Հուլիսի 8-ին Վարշավայում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Ըստ պարոն Էլգերսմանի՝ օրակարգը երկու ուղղությունից է կազմված՝ Արևելք և Արևմուտք։ «Արևելքում իհարկե կարևորագույն խնդիր է մնում Ռուսաստանը, մեր հարաբերությունները վերջին շրջանում վատթարացել են։ Կան կարծիքներ, որ այդ երկիրը ապակայունացնող դեր է խաղում Ուկրաինայի հարցում, և չնայած, որ նա Եվրախորհրդի անդամ է, շարունակում է մեծացնել ռազմական բյուջեն, բայց մենք շարունակում ենք երկխոսությունը նրա հետ։ ՆԱՏՕ-ի նպատակն է ամրապնդել ներկայությունը Արևելքում»։