Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կխաղա «վիշապների» դեմ 

Սպորտ
futbol

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին այսօր ուշագրավ մրցախաղ է սպասում: Նրա թիմը, Դորտմունդի «Բորուսիան», կանցկացնի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումը: Դորտմունդցիները պորտուգալական «Պորտուի» դաշտում պետք է ձգտեն պահպանել առաջին խաղում ձեռք բերած երկու գնդակի առավելությունը: Ինչպես նշում են գերմանական լրատվամիջոցները, «Բորուսիային» բավականին լուրջ փորձություն է սպասվում այդ խաղում: Դրանք նախ հիշեցրել են, որ «Բորուսիան» միշտ անհաջող է հանդես եկել Պորտուգալիայի խաղադաշտերում (3 խաղում՝ 3 պարտություն): Երկրորդ,   «Պորտուն» միշտ էլ լավ է խաղում սեփական մարզադաշտում՝ «Դրագաոյում», որը թարգմանաբար նշանակում է «Վիշապներ»: Այս անգամ դաշտի տերերը հանդես կգան մարտական կազմով, քանի որ շարք են վերադարձել թիմի հիմնական երկու հարձակվողները: Ճիշտ է, հաջորդ փուլ մտնելու համար «Պորտուն» պետք է հաղթի երեք եւ ավելի գնդակների առավելությամբ, ինչն այնքան էլ իրատեսական չեն համարում բուքմեյքերները՝ 46,00 գործակից: Սակայն «Բորուսիայի» մարզական տնօրեն Վացկեն զգուշացրել է թիմի ֆուտբոլիստներին, որ մրցակիցն անչափ վտանգավոր է եւ կարողանում է բեկում մտցնել խաղի մեջ, ինչպես դա արել է երկրի առաջնության «Մորեյրենսեին» հետ վերջին խաղում, երբ հանդիպման ավարտից 15 րոպե առաջ զիջելիս է եղել 1:2 հաշվով, սակայն կարողացել է երկու արագ գոլ խփել եւ հաղթանակ տանել: Բուքմեյքերներն ընդհանուր առմամբ այս մրցամարտում կանխագուշակում են ոչ-ոքի՝ 1:1 արդյունք: Գոլ խփելու հավանական թեկնածուների ցանկում Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 4-րդ տեղը՝ ետ մնալով իր թիմակիցներ Օբամեյանգից ու Ռոյսից եւ «Պորտուի» հարձակվող Աբուբակարից: