Գասպարիի որդուն չեն ասել, որ հայրը բանտում է (տեսանյութ)
Անահիտ Այվազին քիչ առաջ է վերադարձել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ վեց օր է գտնվում է ամուսինը՝ ակտիվիստ Վարդգես Գասպարին։ «Հացադուլը դադարեցրել էր եւ բավական փոխվել էր: Նեղ անձնական հարցեր ենք քննարկել, ընտանեկան, աշխատանքային»,- «Ա1+»-ին ասաց Անահիտ Այվազին։ Գասպարին հացադուլն ու ջրադուլը դադարեցրել է նոր խուց տեղափոխվելուց հետո։ Նախկին խցում ամուսնուն բռնության ենթարկելու մանրամասների մասին տիկին Անահիտը չի պատմում։ Ամեն ինչ նշված է հայտարարության մեջ,որում Գասպարին նշել է՝ այնպես են իրեն ծեծել, որ իր ցավից արձակված գոռոցները լսվել են մինչև 10 մ հեռավորությունից, մինչդեռ հսկիչները չեն միջամտել։ Ի տարբերություն Անահիտ Այվազիի՝ փաստաբան Տիգրան Եգորյանին ողջ օրվա ընթացքում չի հաջողվել տեսակցել Գասպարիի հետ, պատճառաբանությամբ , թե այլեւս նրա պաշտպանը չէ : Ինչ վերաբերում է Գասպարիի վիճակին, ապա նա ներկայացնում է այն, ինչը նաեւ հիմք է դարձել Եվրադատարան դիմելու՝ վատ վերաբերմունքի հարցով։ «Նա դժվարությամբ է կանգնում եւ քայլում, դա ոտքերին հասցված հարվածների հետեւանքներն են»,- ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը: Ի դեպ, մինչ Գասպարիին կալանավայրում է, նրա՝ ավտոմատիկայի սարքավորումների իրացմամբ զբաղվող ընկերության աշխատանքները փորձում է կարգավորել կինը. «Չենք կարողանում, ինչ- որ ինքը պիտի անի, մենք անենք»,- ասում է Անահիտ Այվազին: Իսկ Գասպարիի ՝ դպրոցական որդին տեղյակ չէ, որ հայրը կալանավայրում է։ «Ասում եմ՝ ճամփորդության է, կգա, բայց լարվածությունը մնում է իր մոտ, մինչեւ ամեն ինչ իր տեղը ընկնի»,- պատմում է տիկին Անահիտը: Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է դատական նիստերից մեկի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եւ դատական նիստի բնականոն ընթացքը խախտելու մեջ: