Վանեսա Մեյն այլեւս խարդախ չէ
Աշխարհահռչակ ջութակահար Վանեսա Մեյը կրկին կարող է մասնակցել իր սիրած մարզաձեւի՝ լեռնադահուկային սպորտի մրցումներին: Ինչպես տեղեկացնում է դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան (FIS), նրա դեմ ներկայացված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, եւ նրա որակազրկումը չեղյալ է համարվել: Ինչպես հայտնի է, 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում Վանեսա Մեյը հանդես էր եկել իր պատմական հայրենիքի՝ Թաիլանդի դրոշի ներքո, հորական ազգանունով (Վանակորն): Նա մրցումներում զբաղեցրել էր վերջին՝ 67-րդ տեղը: Սակայն օլիմպիական խաղերից հետո FIS-ը չեղյալ էր համարել նրա բոլոր արդյունքները եւ որակազրկել 4 տարով՝ գտնելով, որ նա կեղծել է վարկանիշային մրցաշարերի ցուցանիշները: Վանեսա Մեյը Սպորտի վերաքննիչ դատարանում բողոքարկել էր միջազգային ֆեդերացիայի ընդունած որոշումը եւ շահել գործը: FIS-ի ղեկավարությունը անվանի ջութակահարից ներողություն է խնդրել սխալ որոշում կայացնելու համար եւ դրամական փոխհատուցում է վճարել նրան: Վանեսա Մեյը մոտ երկու տարի ընդմիջումից հետո կրկին կարող է մասնակցել լեռնադահուկային սպորտի մրցաշարերին: