ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ստորագրեցին (տեսանյութ)
Հանրապետական կուսակցությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունն ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Լրագրողների հետ ճեպազրույցին երկու քաղաքական ուժի ներկայացուցիչները՝ Արմեն Աշոտյանն ու Աղվան Վարդանյանը ներկայացան բարձր տրամադրությամբ. «Միատեսակ տրամադրություն ունենք՝ բարձր»։ «Սա դասական կոալիցիա չէ, այլ քաղաքական համագործակցություն, մայր օրենքը սկիզբ դրեց քաղաքական փոփոխությունների և նաև հաշվի առնելով մեր կուսակցությունների գաղափարական նմանությունները, ստրորագրեցինք համագործակցության մասին փաստատթուղթ»,- ասաց ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ստորագրված համաձայնագիրը ճանապարհային քարտեզ է, որտեղ ներկայացված են մեր գաղափարներն ու մոտեցումները։ Քաղաքական ուժերը ոչ թե պետք է պառակտվեն, այլ ուժերի համատեղմամբ նոր ուղի բացեն մեր երկրի մի շարք ոլորտներում զարգացում ապահովելու համար։ Տա Աստված, որ այս անելիքները կյանքի կոչվեն»,- ասաց դաշնակցական Աղվան Վարդանյանը։ Հայտնի է նաև, թե քաղաքական այս համագործակցության արդյունքում ինչ պաշտոններ են ստանձնելու դաշնակցականները։ Հովսեփ Սիմոնյանը կլինի Շիրակի մարզպետը, Գագիկ Գյոզալյանը՝ Արագածոտնի, Արծվիկ Մինասյանն զբաղեցնելու է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, Դավիթ Լոքյանը՝ Տարածքային կառավարման, իսկ Լևոն Մկրտչյանը՝ Կրթության և գիտության նախարար։ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում խոսել է լավ Հայաստանի կառուցման իր ցանկությունների մասին, արդյո՞ք այդպիսի իրավիճակին համապատասխանում է ներկա իրականությունը, երբ Վարդգես Գասպարին խոշտանգվում է կալանավայրում, բանտերում են հայտնվում ընդդիմադիր հայացքներ ունեցողները։ Արմեն Աշոտյանը նշում է. «Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր արդեն խոսել է այդ հարցի մասին։ Մենք կառուցելու ենք մի երկիր, որտեղ իրավական ազատությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»։ Իսկ ինչի՞ց է, որ Դաշնակցությունը մինչ նոր Սահմանադրության մասին հայտարարությունները ընդդիմադիր կեցվածք ուներ, իսկ հանրաքվեի անցկացումից հետո մերձեցավ ՀՀԿ-ի հետ. «Սահմանադրական փոփոխություններն ու խորհրդարանական կառավարման մոդելը մեր նպատակներից է եղել և ուրախ եմ, որ իշխող կուսակցության հետ եղավ համաձայնություն»,- հավելեց Աղվան Վարդանյանը։