Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ. Փոստանջյանը պաշտոնյաներին հորդորեց գնալ կալանավայր (տեսանյութ)

Քաղաքականություն
Zaruhi-Postanjyan

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բարձրաձայնեց ՔԿՀ-ում ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների մասին: Տիկին Փոստանջյանը հիշեցրեց, որ առավոտյան նրան տեղափոխել են հոգեբուժարան, որի նկատմամբ փորձել են ապօրինի կերպով փորձաքննություն անցկացնել, որը փաստաբանների միջամտության արդյունքում տեղի չի ունեցել ու նրա կրկին տեղափոխել են ՔԿՀ. «Ինչպես ասել է ինքը՝ Գասպարին, իր վրա լցնում են սառը ջուր եւ նաեւ ծեծում են: Հարգելի կառավարության ներկայացուցիչներ, ոչ մեկդ երաշխավորված չեք նման վարքագծից: Ձեզ ուղղակի հորդորում եմ, որպեսզի գնաք կալանավայր, որի իրավունքը դուք ունեք, տեսնեք՝ ինչ է կատարվում այնտեղ, եւ գործուն միջոցներ ձեռնարկեք, որպեսզի անհապաղ Վարդգես Գասպարիին ազատ արձակեն»: Նրա հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ասելով, որ ընդհանուր խցում Վարդգես Գասպարին պառկել է գետնին ու խցակիցների հետ հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացել, եւ նա տեղափոխվել է առանձին խուց՝ մեկ կալանավորված անձի հետ. «Քննիչի որոշմամբ է եղել ամբուլատոր հոգեբուժական փորձաքննություն նշանակելը: Ես ուզում եմ հավաստիացնել, որ այս պահի դրությամբ այն տեղեկատվությանը, որին ես տիրապետում եմ, Վարդգես Գասպարին իր առողջական խնդիրների մասին որեւէ պահանջ չի ներկայացրել: Նաեւ իմ հանձնարարականով նրան մոտեցել են բժիշկները եւ հարցրել էին՝ որեւէ խնդիր ունի, թե ոչ, նա պատասխանել է, որ որեւէ խնդիր չունի ու որեւէ բողոք չի ներկայացնում: Ես խոստանում եմ՝ ձեր բարձրացրած խնդրի առնչությամբ հետեւողական լինել եւ ճշտել բոլոր մանրամասները»: