Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարին պետք է ազատ արձակվի. իրավապաշտպաններ (տեսանյութ)

Քաղաքականություն
Gaspari

Իրավապաշտպանների պահանջը` ազատ արձակել քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիին 2016թ. փետրվարի 19-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն, առանց Վարդգես Գասպարու ներկայության, զրկելով նրան դատարանի կողմից լսված լինելու և իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, կայացրեց նրան կալանավորելու մասին ակնհայտ ապօրինի որոշում: Սա վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության դատարանը քաղաքացիական ակտիվիստին զրկում է ազատությունից` ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում: Վարդգես Գասպարին հանրությանը հայտնի է որպես ակտիվ, համարձակ և հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձ, ով անզիջում ու հետևողաբար բարձրաձայնում, խաղաղ եղանակով իր սուր գնահատականներն ու վերաբերմունքն է արտահայտում Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ամենատարբեր խնդիրների և անօրինականությունների վերաբերյալ: Ընդ որում, իր դիրքորոշումների և պահանջների հասցեատերերի ընտրության հարցում նա չի դրսևորում որևէ ընտրողական մոտեցում և քննադատության է ենթարկում թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին: Վարդգես Գասպարու եզակի անզիջում դիրքորոշմանը և սուր քննադատական գնահատականներին պետական մարմինները, հատկապես ոստիկանությունը, հակադրում են թիրախավորված ապօրինություններ՝ հետապնդումներ, բռնություն, խոշտանգումներ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք՝ փորձելով ճնշել նրա խոսքի ազատությունը և կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքը: Վարդգես Գասպարու դեմ դատավարությունների ներկայիս շղթան սկսվել է նրան վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ոստիկանության ներկայացրած հայցերից: Ակտիվիստը հրաժարվել է մասնակցել դատավարություններին՝ հաշվի առնելով դրանց ձևական բնույթն ու դատավորի կողմնակալ վերաբերմունքը և արդարացիորեն արտահայտել իր անվստահությունն իրավապահ համակարգի նկատմամբ: Վարդգես Գասպարու ոչ բռնի պայքարի ակցիան որևէ կերպ չի կարող հետապնդվել կալանավորմամբ և ակնհայտ է, որ նրան ազատազրկելու որոշումն ապօրինի է ու հանդիսանում է քաղաքական հետապնդում՝ նրա հայացքների ու դիրքորոշման համար: Մենք՝ ներքոստորագրյալ իրավապաշտպաններս, պահանջում ենք անհապաղ ազատել քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիին և դադարեցնել նրա նկատմամբ հետապնդումները: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Հայաստանի Հելսինկյան կոմիտե «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ «Հույս» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ «Երիտասարդություն հանուն մարդու իրավունքների» ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կենտրոն «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն