Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻ նոր պաշտպանը ժամանակ է խնդրում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arman-tatoyan-1

Երեկ 96 ձայնով ՄԻ պաշտպան ընտրված Արման Թաթոյանն  առաջին անգամ գալիս է աշխատանքի: Նրա տրամադրությունը բարձր է: «Առաջին գործը ո՞րն է լինելու»,- «Ա1+»-ի հարցին Արամ Թաթոյանն արձագանքում է՝ շատ գործեր կան: Արման Թաթոյանին ուղեկցում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, որոնք ՄԻՊ աշխատակազմին պետք է ներկայացնեն մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանին: «Կարծում եմ, որ բոլորովին պատահական չէ եւ շատ սիմվոլիկ է, որ ՄԻ պաշտպանի նոր պաշտոնավարումը սկսում է հենց այս օրերին, հենց այս ժամանակահատվածում, երբ ՀՀ-ն թեւակոխում է մի նոր առավել պատասխանատու փուլ»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: Նրա խոսքերով՝ Արման Թաթոյանն ունի մասնագիտական ու կրթական բարձր մակարդակ, պրոֆեսիոնալիզմ մարդու իրավունքների պաշտպանության միջավայրում: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահն էլ նշեց, որ 96 կողմ ձայները բավականին լուրջ վստահություն է Արման Թաթոյանի նկատմամբ: Այնուհետեւ ՄԻ նորանշանակ պաշտպանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով, որ այս պահին դեռ առանձնացված առաջնային հարցեր չունի, դեռ պետք է ուսումնասիրի: Նա դեռ չի այցելի Ամանորի գիշերը կալանավորված «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Գեւորգ Սաֆարյանին: Դեռ առաջին աշխատանքային օրն է եւ այցելելուց առաջ գործերը պետք է ուսումնասիրի: ՄԻ պաշտպանը համաձայն չէ այն ձեւակերպման հետ, որ Հայաստանում լիիրավ պաշտպան հնարավոր չէ լինել, լինում են կիսապաշտաններ: «Մարդու իրավունքների բոլոր պաշտպանները միշտ կատարել են իրենց լիազորությունները եւ լիազորությունները իրենց բնույթով առանձնահատուկ են, կան բարդություններ, բայց դրանք հաղթահարելի են»,- ավելացրեց Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը: Ի դեպ, Արման Թաթոյանը չի էլ փորձել պարզել, թե ինչու է հրաժարականի դիմում ներկայացրել նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը: